ԱՄՆ Սենատը ճնշող մեծամասնությամբ ընդունել է երկրի պաշտպանական բյուջեի նախագիծը, որով Պենտագոնին տրվելիք միջոցները կազմում են 738 միլիարդ դոլար: Այս մասին հայտնում է AFP-ն, հիշեցնելով, որ նախորդ շաբաթ նույն նախագծին կողմ էր քվեարկել նաև Ներկայացուցիչների պալատը:
Ի դեպ, օրինագիծը, որը պետք է ստորագրվի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից, նախատեսում է պատժամիջոցներ կիրառել այն ընկերությունների նկատմամբ, որոնք ներգրավված են Ռուսաստանից Եվրոպա ձգվող Nord Stream-2 գազատարի կառուցման գործում: Փաստաթուղթը նաև պարունակում է Ուկրաինային տրվող ռազմական օգնության դրույթ, ըստ որի՝ Վաշինգթոնը 2020-ին Կիևին կտրամադրի շուրջ 300 միլիոն դոլար:
Ամենակարևորը, սակայն, այն է, որ օրինագծով նախատեսում է նաև տիեզերական ուժերի ձևավորում՝ որպես Զինված ուժերի լիարժեք տեսակ, ինչը ժամանակին կասկածի տակ էին առել բազմաթիվ փորձագետներ:
«Իմ նոր ազգային տիեզերական ռազմավարության մեջ տիեզերքը ճանաչված Է ռազմական գործողությունների գոտի ճիշտ այնպես, ինչպես՝ ցամաքը, օդը և ծովը: Մեզ մոտ նույնիսկ կարող են հայտնվել տիեզերական ուժեր»,- Miramar ռազմաօդային բազայում 2018-ի մարտի 14-ին հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: