Ավստրալիայում օդի ջերմաստիճանն անցել է 40 աստիճանը և 17 մարդու մահվան պատճառ դարձել: Նման բարձր ջերմաստիճան գրանցվել էր 2013 թվականին: Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը հայտարարել է, որ հրշեջները հատուկ ուշադրություն են դարձնելու Սիդնեյի արևմտյան և հարավարևմտյան տարածքներին, Կենտրոնական և Հարավային ափերին: «Ջերմաստիճանի բարձրացումը նշանակում է հրդեհի շատ անկանխատեսելի իրավիճակ»,- ասել է Բերեջիկլյանը՝ նշելով հրդեհների մեծ հավանականությունը:
Լրատվամիջոցները հիշեցնում են, որ Ավստրալիայում վերջին ամիսներին հարյուրավոր հրդեհներ են բռնկվել, որոնց հետևանքով զոհվել է 6 մարդ, ոչնչացել է ավելի քան 700 շենք, այրվել է մոտ 3 միլիոն հեկտար տարածք: Շաբաթվա սկզբին էլ հրդեհների պատճառով Սիդնեյի և Նոր Հարավային Ուելսի որոշ շրջաններում օդի վտանգավոր աղտոտվածության մակարդակը գերազանցել է 11 անգամ: