Վաշինգտոնում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանը Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշան է հանձնել ամերիկացի ականավոր քաղաքական գործիչ ու նախկին սենատոր Բոբ Դոուլին։
Հայաստանի Նախագահի հրամանագրով Դոուլը պարգևատրվել է հայ-ամերիկյան կապերի զարգացման և ամրապնդման գործում նշանակալից ավանդի համար։ Դեռևս նախորդ դարավերջին սենատորը մեծ ջանքեր էր գործադրել ամերիկյան օրենսդիրում Հայոց ցեղասպանության դատապարտմանը նպաստելու համար։
Սպիտակի երկրաշարժից հետո Դոուլն իր կնոջ՝ այն ժամանակ աշխատանքի հարցերի նախարար Էլիզաբեթ Դոուլի հետ այցելել էր Հայաստան՝ համակարգելու ամերիկյան օգնությունը։
Բոբ Դոուլը նաև հիշել է իր մեծ ընկեր, բժիշկ Համբար Քելիքյանին, որը Երկրորդ աշխարհամարտի ժամանակ փրկել էր իր կյանքը։