Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Նուր-Սուլթանի «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոնում մասնակցել է Ղազախստանի վարչապետի նախագահությամբ տեղի ունեցած Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նիստին:
Նիստի ընթացքում քննարկվել են 2019 թ. ԵԶԲ գործունեության արդյունքները, և սահմանվել են 2020 թ. համար բանկի առաջնահերթությունները:
Նիստի մասնակիցները մտքեր են փոխանակել ներդրումային տարբեր ծրագրերի, այդ թվում՝ բանկի թվային նախաձեռնությունների հիմնադրամի ստեղծման գաղափարի շուրջ: Անդրադարձ է կատարվել ԵԶԲ մասնակիցների կազմի ընդլայնման հարցին: