ՀԱՄԱՍ խմբավորումը Պաղեստինի Ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասին կոչ է արել՝ հրապարակել հրամանագիր, որում շատ կոնկրետ ամիս ամսաթվով նշված կլինի առաջիկա նախագահական և խորհրդարանական ընտրությունների ժամանակահատվածը:
ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Հազիմ Քասամն ընդգծել է, որ ընտրությունները պետք է անցկացվեն Երուսաղեմում և հավելել է, որ Աբբասի կուսակցության՝ Իսրայելի հետ համաձայնության գալու փորձերը ձգձգում են գործընթացը:
Maan-ի փոխանցմամբ՝ Քասամը խոսել է բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ համաժողովի մասին և ընդգծել, որ իսրայելցի զավթիչները պետք է բախվեն պաղեստինյան ընտրությունները Երուսաղեմում անցկացնելու փաստին:
Ynet-ն էլ հաղորդում է, որ մի քանի օր առաջ Ինքնավարության քաղաքացիական կառավարման նախարար Հուսեյն ալ-Շեյխը հաստատել է, որ Պաղեստինի ղեկավարությունը պաշտոնապես խնդրել է Իսրայելի կառավարությանը՝ ապահովել նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացումն արևելյան Երուսաղեմում: Մանավանդ, որ՝ թե՛ 1996-ին, թե՛ 2006-ին, իսրայելական կողմն արևելյան Երուսաղեմի բնակիչներին տրամադրել էր այդ հնարավորությունը՝ նախապես ստորագրված համաձայնագրերի հիման վրա:
Հիշեցնենք, որ Իսրայելի օրենսդրության համաձայն՝ ողջ Երուսաղեմը հրեական պետության ինքնիշխան տարածք է: Եվ չնայած այդ պատճառով 1996-ին ու 2006-ին Թել Ավիվում փորձեցին խոչընդոտել արևելյան Երուսաղեմում պաղեստինյան ընտրությունների անցկացումը, ստիպված եղան զիջումների գնալ, ինչն այս անգամ բազմաթիվ փորձագետներ հավանական չեն համարում: