Տավուշի բնակավայրերի ուղղությամբ երեկ երեկոյան հակառակորդի արձակած կրակոցների հետևանքով տուժածներ չկան: Այդ մասին 1lurer.am-ի հետ զրույցում ասաց Կոթի համայնքի ղեկավար Ֆելիքս Մելիքյանը:
«Կրակոցները գյուղի ուղղությամբ արձակվել են երեկոյան 22։00-22։30-ի սահմաններում: Այդ պահին գյուղում հարսանիք էր, որը ոչ մի րոպե չի ընդհատվել, մարդիկ շարունակել են ուրախանալ։ Կրակոցները բավականին ինտենսիվ էին, բարեբախտաբար, որևէ տուժած չկա»,- նշեց Ֆ.Մելիքյանը։
Նրա խոսքով՝ գիշերը հանգիստ է եղել: Կոթիի դպրոցը, մանկապարտեզը գործում են, գյուղում այսօր բոլորը զբաղված են իրենց առօրյա գործերով:
Գյուղի բնակիչներն էլ պատմում են, որ վաղուց կրակոցներ չէին եղել: Հակառակորդի այս գործողությունը, ըստ գյուղացիների, չի կարող խաթարել իրենց բնականոն կյանքը:
Հիշեցնենք, երեկ երեկոյան և կեսգիշերին մոտ հակառակորդը կրակ էր բացել Տավուշի մարզի Իջևան-Նոյեմբերյան մայրուղու և Կոթի գյուղի ուղղությամբ:
ՀՀ ԶՈՒ պատասխան կրակից հետո միայն դադարել են գործողությունները։ Կիրառվել են տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր, գնդացիրներ։ Կորուստներ չկան: