Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, մերժեց «Մարտի 1»-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ դատավորին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը:
Նախորդ դատական նիստին Քոչարյանի պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել դատավոր Լուսինե Աբգարյանին: Ինքնաբացարկի հիմքերից մեկը վերաբերում է այն փաստին, որ դատավորը, համաձայն հրապարակված տեղեկատվության, պետք է դեկտեմբերի 17-30-ը գտնվի արձակուրդում, մինչդեռ այդ պարագայում արձակուրդից 10-ն օր առաջ որևէ գործ չի կարող մակագրվել տվյալ դատավորին։ Երկրորդ հիմքը դատավոր Լուսինե Աբգարյանի եղբոր հնարավոր մտերմությունն է Վահե Գրիգորյանի հետ:
Նշենք, որ սա Լուսինե Աբգարյանի նախագահությամբ երկրորդ նիստն է: Մինչև այդ դատավոր Մխիթար Պապոյանը բավարարել էր դատախազների միջնորդությունը և ինքնաբացարկ հայտնել: