Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Հատուկ քննչական ծառայության կողմից ներկայացրած՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանին կալանավորելու միջնորդությունը։
ՀՔԾ-ն Վահագն Հարությունյանի մեղադրանքը լրացրել էր, թեև նրան մեղսագրվող քրեական հոդվածները չէին փոխվել: Փաստաբանն ավելի վաղ պնդել էր, որ վարույթն իրականացնող մարմինը կալանավորման հերթական միջնորդությունում բավարար հիմքեր չի ներկայացրել։
Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավարին կալանավորելու ՀՔԾ-ի նախորդ միջնորդությունները ևս մերժվել էին:
Վահագն Հարությունյանին մեղադրանք էր առաջադևվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ «Քննիչի կողմից քրեական գործով ապացույցներ կեղծելուն օժանդակելը»։ Հետագայում մեղադրանքը լրացվել էր Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածով ևս՝ 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ» և 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «Պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով»: