Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Թալինի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել Օթևան համայնքում կատարված ապօրինությունների վերաբերյալ։
Մասնավորապես պարզվել է, որ համայնքապետարանի որոշ պաշտոնատար անձինք կազմել են կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա համայնքի ղեկավարի կնոջը, առանց վերջինիս գիտության, 2017 թ. ձևակերպել են որպես համայնքապետարանի վարչական շենքի մաքրուհի և սահմանված կարգով աշխատավարձ են դուրս գրել։
Ըստ քննությանը հայտնի տվյալների՝ հիշյալ ապօրինությունների հետևանքով 2017 թ. հունվարից մինչև 2019 թ. սեպտեմբեր համայնքապետի կնոջ անվամբ թողարկված բանկային քարտի հաշվին փոխանցվել է 1 միլիոն 530 հազար դրամից ավելի գումար։ Դեպքի առթիվ ոստիկանության Թալինի բաժնում քրեական գործ է հարուցվել պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերի յուրացման կամ վատնման և պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։ Ոստիկանությունում հարուցված քրեական գործն ուղարկվել է տարածքային նախաքննական մարմնին։