ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հենց այս պահին շարունակվում են նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի լսումները:
Երկրի Սահմանադրության համաձայն` Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն իրավունք ունի քվեարկել նախագահի իմփիչմենթի օգտին, որից հետո Սենատը կքննարկի հարցն ու կքվեարկի նախագահին իշխանությունից հեռացնելու վերաբերյալ օրինագիծը:
Ներկայացուցիչների պալատը պարզ մեծամասնություն ունի, բայց Սենատում նախագահին հեռացնելու համար պահանջվում է ձայների երկու երրորդը: Հատկանշական է, որ այս շեմը դեռ երբեք չի հաղթահարվել ԱՄՆ պատմության մեջ:
Դեմոկրատները, որոնք մեծամասնություն ունեն Կոնգրեսի Ստորին պալատում, կարծում են, որ Դոնալդ Թրամփը չարաշահել է իր իշխանությունը, բայց մինչ այժմ ոչ մի հանրապետական չի աջակցել Թրամփի իմփիչմենթի նախագծին: Եվ քանի որ Հանրապետականները Սենատում մեծամասնություն ունեն, ուստի Թրամփին իշխանությունից հեռացնելը գոնե այս պահին խիստ անհավանական է թվում: