Ռուսական արվեստի թանգարանում դեկտեմբերի 27-ին կանցկացվի «Հյուր ռուսական հեքիաթին» տոնական ինտերակտիվ կրթական ծրագիրը, որն իրականացվում է «Ինչպես է ծնվում գլուխգործոցը» ցուցահանդեսին զուգահեռ: Ցուցահանդեսը ներկայացնում է Դեկորատիվ-կիրառական և ժողովրդական արվեստի համառուսաստանյան թանգարանից բերված 19-20-րդ դդ. ազգագրական առարկաներ, որոնք համադրված են պրոֆեսոր Արամ Աբրահամյանի հավաքածուի նույն ժամանակաշրջանի այն գեղարվեստական գլուխգործոցների հետ, որոնց հեղինակները, իրենց հերթին, ժամանակին ոգեշնչվել են ռուսական ժողովրդական արվեստից։
Միջոցառման ընթացքում երեխաները կհայտնվեն ռուսական հեքիաթի աշխարհում, որտեղ նրանց կդիմավորի հեքիաթային հերոսը և ինտերակտիվ խաղ-էքսկուրսիայի միջոցով կծանոթացնի ռուսական ազգագրական առարկաների, տարբեր ավանդական զարդանախշերի և դրանց խորհրդի հետ։ Ծրագրի գործնական մասում երեխաները ռուսական ազգային զարդանախշերով կնորազարդեն տոնածառի խաղալիքներ և իրենց հետ կտանեն որպես ամանորյա հուշանվեր։ Միջոցառումը կմեկնարկվի համերգային ծրագրով և Ձմեռ պապիկի հետ հանդիպմամբ։