Ռիո-2016 Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) ՀԱՕԿ-ի լրատվականի հետ զրույցում ամփոփել է ավարտին մոտեցող տարին՝ խոսելով նվաճումների, ԱԱ-ում ստացած վնասվածքի և Հայաստանում UNICEF-ի դեսպան դառնալու մասին։
- Արթուր, ինչպիսի՞ն էր ավարտվող տարին քեզ համար։
- Տարին լավ սկսվեց ինձ համար, նախ Ղազախստանում մասնակցեցի լավ կազմ հավաքած մրցաշարի և դարձա հաղթող, իսկ հետո հանդես եկա Եվրոպական խաղերում։ Լավ մարզավիճակում էի, ինչը թույլ տվեց դառնալ չեմպիոն: Այնուհետև լավ մարզավիճակում մասնակցեցի աշխարհի առաջնությանը, որտեղ հիմնական նպատակը վարկանիշ ձեռք բերելն էր: Սկզբում գոտեմարտերը լավ էին ընթանում, բայց երրորդ գոտեմարտում ստացա կողոսկրի վնասվածք և հետագայում այդպես գոտեմարտեցի մինչև եզրափակիչ, որին չկարողացա մասնակցել։ Եթե վնասվածքս չխանգարեր, կարող էի 4-րդ ոսկե մեդալը նվաճել աշխարհի առաջնությունում։
- Այնուամենայնիվ, մինչև վերջին պահը ցանկանում էիր գոտեմարտել։
- Այո, մինչև վերջին վայրկյանը ուզում էի ու պատրաստ էի գոտեմարտել, բայց թույլ չտվեցին, քանի որ կոտրված կողոսկրը կարող էր վնասել այլ օրգանների, ու լինեին ավելի լուրջ հետևանքներ։
- Այս պահին ինչպե՞ս ես զգում քեզ։
- Հիմա ինձ լավ եմ զգում, այս հավաքից սկսել եմ գորգային աշխատանքները, մինչև այս միայն ֆիզիկական մարզումներ էի անցկացնում։ Պատրաստվում եմ հունվարին կայանալիք միջազգային մրցաշարին:
- Փետրվարին կանցկացվի Եվրոպայի առաջնությունը։ Կտեսնե՞նք քեզ ԵԱ-ում:
- Ցանկություն ունեմ մասնակցել, բայց ավելի պարզ կլինի հունվարին կայանալիք միջազգային մրցաշարից հետո: Եթե այնտեղ հին վնասվածքները չխանգարեն, ուրեմն կմասնակցեմ։
- Այս տարի դարձար UNICEF-ի բարի կամքի դեսպան։ Ինչպե՞ս եղավ:
- Ստացա առաջարկ և միանգամից ընդունեցի: Ինձ համար մեծ պատիվ է լինել այդ կազմակերպության բարի կամքի դեսպանը։
- Կհասցնե՞ս մինչև Տոկիոյի Օլիմպիական խաղերը վերադառնալ լավագույն մարզավիճակիդ։
- Իմ հիմնական նպատակը 2-րդ օլիմպիական ոսկին է, բայց մինչ այդ կարևոր է, որ վնասվածք չստանամ, և համոզված եմ, որ ամեն ինչ լավ կլինի։
- Շատերը կարծում են, որ հիմնական մրցակիցներիցդ մեկը՝ Մուսա Եվլոևը, այս պահին շատ ավելի լավ մարզավիճակում է։
- Այո, նա լավ ըմբիշ է, լավ մարզավիճակում է, բայց ես էլ վատ չեմ զգում ինձ, իսկ ԱԱ-ի ժամանակ տեսանք, թե ում հաղթեցի եզրափակիչի ճանապարհին, իսկ նա՝ ում։ Հույս ունեմ, որ Օլիմպիական խաղերում կհանդիպեմ նրան, և շատ հարցեր պատասխան կստանան։