ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել ոստիկանության աշխատակցի կոչումը յուրացնելու եղանակով քաղաքացուց խարդախությամբ խոշոր չափերի գումարներ հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 45-ամյա տղամարդուն:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ առերևույթ հանցագործություն կատարած անձը՝ ծնված 1975 թ., տեղեկանալով ծանոթի՝ Ռուսաստանի Դաշնությունից արտաքսված լինելու փաստի մասին, ներկայացել է որպես ՀՀ ոստիկանության աշխատակից և, նրա արտաքսման հարցի կարգավորումը օրինական ճանապարհով կազմակերպելու պատրվակով, պայմանավորվածություն է ձեռք բերել 1.000.000 ՀՀ դրամ գումարի դիմաց լուծել այդ հարցը և 2019 թ. սեպտեմբերի 11-ից հոկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում հանդիպել է նրան և մաս-մաս ստացել գումար:
Հանդիպումներից մեկի ժամանակ 45-ամյա տղամարդը խարդախությամբ խոշոր չափերի հափշտակություն կատարելուն ուղղված գործողություններն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցրել, հերթական անգամ գումար ստանալուց անմիջապես հետո բռնվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 45-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 317-րդ հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: