2019 թվականի առաջին 9 ամիսներին, միայն ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի /խոշտանգում/ հատկանիշներով, քննվել է 44 քրեական գործ, որից 3 քրեական գործ 6 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, և դրանցով դատական քննությունը շարունակվում է: Հարուցված քրեական գործերից 26-ը կարճվել է, 5-ը՝ կասեցվել, 3-ը՝ միացվել: 7 քրեական գործի նախաքննություն շարունակվում է: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Նա նշել է, որ 2018 թվականի ողջ ընթացքում խոշտանգման հանցակազմով քննվել է 50 քրեական գործ: Դրանցից 33-ի վերաբերյալ կայացվել է վարույթը կարճելու, 4-ի դեպքում՝ կասեցնելու մասին որոշումներ: 9 քրեական գործերի նախաքննությունը շարունակվել է 2019 թվականին: Մեղադրական եզրակացությամբ 2018 թ. դատարան է ուղարկվել 1 քրեական գործ՝ 1 անձի վերաբերյալ, որով օրեր առաջ առաջին ատյանի դատարանում արարքը խոշտանգումից վերաորակվել է բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու հանցակազմով, և համաներման կիրառմամբ անձն ազատվել է պատժի կրումից: ՀՀ դատախազությունը նշված գործերով մեղադրական ճառով միջնորդել է անձին մեղավոր ճանաչել խոշտանգման համար և նշանակել պատիժ 8 տարի 6 ամիս ժամկետով՝ 3 տարի ժամկետով զրկելով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնեու իրավունքից:
«Հարկ եմ համարում տեղեկացնել, որ 2017 թ. սկսած՝ քրեակատարողական հիմնարկներում, ոստիկանության ՁՊՎ-ներում պահվող անձանց խոշտանգումների դեմ քրեաիրավական պայքարը, մարդու իրավուքնների եվրոպական կոնվենցիայով սահմանված խոշտանգումներից և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ պահելու իրավունքի ապահովումը առջնային խնդիր է Դատախազության համար:
Ելնելով դրանից՝ դատախազության կոլեգիայի որոշմամբ սահմանվել էին հանձնարարականներ՝ առաջին հերթին խոշտանգումների փաստով քննվող քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:
Այդ հանձնարարականները, որոնց մեծ մասի կատարման վերաբերյալ հետագայում տեղեկացվել է ՀՀ գլխավոր դատախազությանը, ուղղված են նրան, որ իրավասու մարմնի աշխատակիցը զերծ մնա քրեական վարույթի շրջանակներում քաղաքացու նկատմամբ վատ վերաբերմունքի դրսևորման մտքից, քրեակատարողական հիմնարկներում, ոստիկանության ԶՊՎ-ներում հարցաքննությունների իրականացման համար ներդվեն այնպիսի մեխանիզմներ և տեխնիկական միջոցներ, որոնք հնարավորություն կտան օբյեկտիվորեն արձանագրելու այդպիսի վարքագծի դրսևորումները, ինչպես նաև բարձրացնել խոշտանգումների փաստերով քննության արդյունավետությունը՝ անհետաձգելի քննչական դատավարական գործողությունների օպերատիվ պլանավորմամբ և իրականացմամբ:
Այս քաղաքականությունը շարունակվելու է նաև հետայսու»,- գրել է Գ.Աբրահամյանը: