Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ամփոփել է տարին՝ ներկայացնելով նախարարության կատարած աշխատանքն ու գրանցած արդյունքները:
Արշակյանը նշել է, որ մշակվել է երեք ռազմավարություն. բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության, թվայնացման և ռազմարդյունաբերական համալիրի զարգացման:
Նախարարը նշել է, որ այս տարի տնտեսումների հաշվին շուրջ 1 մլրդ դրամ հատկացվել է ռազմաարդյունաբերական համալիրին՝ նոր մշակումների ու նոր նախագծերի համար: «Կանանց ներգրավվածությունը բարձր տեխնոլոգիական ոլորտում շուրջ 38% է»,- նշել է նախարարն ու հավելել, որ ցուցանիշը ամենաբարձրերից է աշխարհում:
Հակոբ Արշակյանը նշել է, որ այս տարի ոլորտի շուրջ 230 նորաստեղծ ընկերություն դիմել է պետական աջակցության՝ օրենքով արտոնություններ ստանալու համար, ստեղծելով 1200 նոր աշխատատեղ:
Նախարարը նշել է, որ սփյուռքից դիմած անհատներն ու ընկերությունները մեծ թիվ են կազմել: Շուրջ 45 ընկերություն բացվել է սփյուռքահայերի կողմից, ինչը նշանակում է, որ մենք տաղանդի ներհոսք ունենք՝ նշել է նախարարը:
Միջազգային ընկերությունների նոր գրասենյակներ են բացվել Հայաստանում՝ ասել է նախարարը՝ նկատի ունենալով միկրոէլեկտրոնիկայի ոլորտում աշխարհի առաջատարներից «Զայլինգս» ընկերությանը:
Հայաստանում WCIT ՏՏ համաշխարհային 23-րդ համաժողովի անցկացումը մեծապես նպաստել է մեր երկիրը որպես տեխնոլոգիական կենտրոն միջազգայնացնելու գործում՝ ասել է Արշակյանը և ավելացրել, որ շուրջ 165 լրատվամիջոց, այդ թվում՝ BBC, Forbes, France 24, Reuters և այլ հայտնի լրատվամիջոցներ, պատմել են ֆորումի և Հայաստանի մասին: