Պենտագոնի ներկայացուցիչն արձագանքել է Ինջիրլիքի ամերիկյան ռազմաբազան փակելու մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սպառնալիքին։ Այս մասին գրում է Ermenihaber-ը: ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներից մեկը, ում անունը չի հրապարակվում, հայտարարել է, որ ԱՄՆ-ն փորձում է Թուրքիայի հետ ունեցած վիճահարույց հարցերում ավելի կառուցողական երկխոսություն վարել:
«Թուրքիայում տեղակայված մեր ուժերը մենք գնահատում ենք որպես ՆԱՏՕ-ի մեր դաշնակից և ռազմավարական գործընկեր հանդիսացող երկրի պաշտպանությանն ուղղված մեր երկարամյա պատասխանատվության խորհրդանիշ»:
Վերջինս նաև հավելել է, որ ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի, սիրիական հարցի և այլ վիճահարույց հարցերի պարագայում ԱՄՆ-ն փորձում է Թուրքիային ավելի կառուցողական դաշտ բերել և երկխոսություն հաստատել։
Հիշեցնենք, որ նախօրեին թուրքական ATV հեռուստաընկերության եթերում ելույթ ունեցած Էրդողանը, անդրադառնալով ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը, հայտարարել էր, որ Թուրքիան էլ կարող է ԱՄՆ-ի համար փակել Ինջիրլիքի և Քյուրեջիքի ռազմաբազաները։