Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Լյուդգեր Շուկնեխտին:
Փոխվարչապետը կարևորել է ՏՀԶԿ-ի հետ տարբեր հարթակներում ձևավորված կառուցողական համագործակցությունը: Փոխվարչապետը ներկայացրել է հարկային վարչարարության և բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ արդեն իսկ իրականացվող և առաջիկայում իրականացվելիք բարեփոխումները:
Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Լյուդգեր Շուկնեխտն ընդգծել է, որ Հայաստանի հետ ձևավորվել է հաջող համագործակցություն և ՏՀԶԿ-ի համար ակնհայտ են Կառավարության՝ երկրի զարգացմանը միտված քայլերը:
Զրուցակիցները երկուստեք կարևորել են այս տարի փետրվարին ՏՀԶԿ BEPS (հարկման բազայի քայքայման և շահույթի տեղափոխման) ներառական հարթակին Հայաստանի անդամակցությունը և առաջիկայում դրանով պայմանավորված գործողությունների արդյունավետ և ժամանակին իրականացումը:
Փոխվարչապետը նշել է, որ ՀՀ Կառավարությունը, կարևորելով այս հարթակին Հայաստանի անդամակցությունը, այն նաև որպես միջոցառում ներառել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզում:
Մհեր Գրիգորյանը և Լյուդգեր Շուկնեխտը հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև տնտեսության թվայնացման կարևորությանը, կապիտալ շուկայի զարգացմանը, կանխիկի շրջանառության կրճատմանը և Հայաստանի ներդրումային գրավչության բարձրացման հնարավորություններին: