Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը:
Նիստի սկզբում դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտնել է, որ դատարան տեղափոխելիս Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել է, և նա այժմ հետազոտվում է, որից հետո միայն պարզ կլինի՝ նա կբերվի՞ դատարան, թե՞ ոչ: Մանվել Գրիգորյանը, սակայն, չի կարողացել մասնակցել նիստին:
Դատավոր Մարտիրոսյանը հայտնել է նաև, որ դատարան են դիմել ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունից՝ խնդրելով թույլատրել մեկ այլ գործով որպես վկա հարցաքննել Մանվել Գրիգորյանին: Կողմերը չեն առարկել:
Պաշտպանները ներկայացրել են Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ հերթական միջնորդությունը: Որպես գրավ՝ պաշտպաններն առաջարկել են արգելանքի տակ չգտնվող 25 անշարժ գույք, որի շուկայական արժեքը կազմում է 1 միլիարդ 670 միլիոն 950 հազար դրամ, իսկ լիկվիդացիոն արժեքը՝ 1 միլիարդ 336 միլիոն 760 հազար դրամ:
Պաշտպաններից Արսեն Մկրտչյանը նաև միջնորդություն է ներկայացրել Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը չհեռանալու մասին ստորագրությամբ փոխարինելու մասին, իսկ եթե դա դատարանը հնարավոր չհամարի, ապա փոխարինել գրավով: Դատարանը թույլատրել է պաշտպանին այդ միջնորդությունը ևս ներկայացնել, որից հետո դրանք կքննվեն համատեղ:
Մեղադրող դատախազը ժամանակ է խնդրել միջնորդություններին ծանոթանալու և դիրքորոշում հայտնելու համար։ Դատական նիստը հետաձգվել է։ Հաջորդը տեղի կունենա դեկտեմբերի 24-ին՝ ժամը 14:00-ին։