Հոկտեմբերի 27-ի զոհերից Յուրի Բախշյանի այրին` Անահիտ Բախշյանը, վաղը դիմելու է դատախազություն՝ պահանջելով վերսկսել «27»-ի գործով անջատված մասի նախաքննությունը:
«Լուրերի» հետ զրույցում Բախշյանը տեղեկացրել է, որ ծանոթ չի եղել 15 տարի առաջ «Հոկտեմբերի 27»-ի հիմնական գործից անջատված մասի վարույթը կարճելու որոշմանը ու այս տարիների ընթացքում չի կարողացել իրացնել իր իրավունքները: Այդ որոշումը Բախշյանը ստացել է միայն այս տարվա նոյեմբերին:
Հիշեցնենք, «Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված մասը վերաբերում էր ահաբեկչության հնարավոր կազմակերպիչներին, օժանդակողներին, դրդիչներին, նաև հանցագործությունը կանխելու, խափանելու հնարավորություն ունեցած պաշտոնատար անձանց հայտնաբերելուն:
«Դիմելու եմ՝ այդ անջատված մասի վերաբերյալ որոշումը առ ոչինչ ճանաչել և սկսել նոր քննություն: Ես ոչ միայն ակնկալում եմ, այլև դիմում եմ՝ պահանջելով, որովհետև այս ոճրագործությունը պետության դեմ էր ուղղված, և իշխանությունն ինքը պիտի շահագրգռված լինի իր շահերը պաշտպանել, ես էնտեղ ոչ առաջին տուժողն եմ, առաջին տուժողը պետությունն է: Ես ուզում եմ տեսնել իշխանություն՝ ի դեմս հեղափոխությունից հետո եկած իշխանության, որը տեր է կանգնելու պետական շահին»,- ասել է Բախշյանը: