ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի իշխանություններին հաջողվել է պարզել Evil Corp ռուսական հաքերային խմբի անդամների ինքնությունը: Ըստ Finanzen պարբերականի՝ նրանք Մաքսիմ Յակուբեցն ու Իգոր Տուրաշևն են: Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը 5 միլիոն ԱՄՆ դոլարի պարգև է խոստացել խմբի անդամների «գլուխների», կամ՝ նրանց գտնվելու ստույգ վայրի վերաբերյալ տեղեկությունների դիմաց:
Նշվում է, որ խումբը հարյուր միլիոնավոր դոլարների վնաս է պատճառել ամենատարբեր կառույցներին, ինչի պատճառով էլ աշխարհում ամենավտանգավորն է համարվում:
Evil Corp-ը գործում է 2015 թվականից: Այդ ժամանակից ի վեր՝ նրան հաջողվել է Dridex Trojan-ներ տարածել ամբողջ աշխարհի էլփոստերում: Այն սարքից գաղտնի տեղեկատվություն է հավաքում, ինչի միջոցով հաջողել է մեծ թվով բանկային հաշիվներ դատարկել:
Խմբի չեզոքացումը բարդացել է այն պատճառով, որ ԱՄՆ-ի, Եվրամիության և Ռուսաստանի միջև չկա որևէ համաձայնագիր հանցագործների արտահանձնման վերաբերյալ: Բացի այդ, ըստ ԱՄՆ-ի հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալության, Յակուբեցը համագործակցում է Ռուսաստանի իշխանությունների, մասնավորապես՝ Անվտանգության դաշնային ծառայության հետ:
«Համաձայնեցված այս գործողությունը ուղղված է դադարեցնելու այն լայնածավալ ֆիշինգ-արշավը, որ կազմակերպվել է Ռուսաստանի ցանցահենների խմբի կողմից»,- Finanzen-ին պարզաբանել են ԱՄՆ արդարադատության նախարարությունում: