Դիլիջանի միջազգային դպրոցում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է «Ներուժ» ծրագիրը, որի նպատակն է սփյուռքի տաղանդավոր ձեռներեցների, ինժեներների ներգրավումը, հայրենադարձության խթանումն ու Հայաստանում սթարթափ էկոհամակարգի զարգացումը:
Ծրագիրը կտևի չորս օր, որի ընթացքում արտերկրից ժամանած սթարթափերները հնարավորություն կունենան ծանոթանալ և շփվել հայկական սթարթափ էկոհամակարգի դերակատարների հետ, ստանալ գործնական ուսուցում և ուղղորդում հայաստանյան և միջազգային փորձագետների կողմից և վերջում ներկայացնել իրենց սթարթափը միջազգային և տեղական ներդրողներից, աքսելերատորների ու ինկուբատորների ներկայացուցիչներից, տեխնոլոգիական ոլորտի փորձագետներից բաղկացած ժյուրիի առաջ՝ մրցանակային ֆոնդից դրամաշնորհ ստանալու նպատակով: Մրցանակային ֆոնդը կազմում է 80 միլիոն դրամ, որից սթարթափներին կտրամադրվեն 15-30 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամաշնորհներ: Այս ամենից բացի՝ ծրագիրը հնարավորություն է ստեղծելու արտերկրում ապրող հայերի տեխնոլոգիական գաղափարները և նախագծերը Հայաստանում բիզնեսի վերածելու և գլոբալ շուկաներ դուրս գալու համար:
Տեսանյութում ներկայացված է հայ-հունական անչափ հետաքրքիր մի արտադրանք, որն իրականում շախմատ է տեսողության հետ խնդիրներ ունեցող երեխաների համար: Բնականաբար, այն նույնպես հավակնություն ունի իր բաժինն ունենալ մրցանակին ֆոնդից: