2018-ի հուլիսին՝ հեղափոխությունից հետո Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հայտարարեց, որ Հայաստանի 19 հանքարդյունաբերական ընկերություններ գնվել են «միջնորդների» կողմից և վաճառվել մեկ ընկերության։ ՏՄՊՊՀ-ն այս թեմայով ուսումնասիրություն էր անցկացրել և 1lurer.am-ը դիմել, ստացել է մանրամասներ ուսումնասիրությունից։
Ի՞նչ է պարզել ՏՄՊՊՀ-ն
Նախ նշենք, որ Հանձնաժողովի կողմից այս ուսումնասիրությունը կատարվել է 2013-2014 թվականների ընթացքում, սակայն հանրայնացվել է միայն 2018-ին։ ՏՄՊՊՀ-ն պարզել էր, որ եղել են «միջնորդ կազմակերպություններ», որոնք ձեռք են բերել և վաճառել հանքարդյունաբերության ոլորտում գործող 19 հայկական ընկերություններ, որոնցից 17-ը վերջին հաշվով վաճառվել են «Եվրասիա պոլիմետալ քորփորեյշն» ընկերությանը, որն էլ իր հերթին դրանք վերավաճառել է «Եվրասիա մեթալս քորփորեյշն» ընկերությանը։ Մյուս երկուսը գնվել են Կիպրոսում գրանցված «Բալուչի հոլդինգս» և «Բիրլիկտե լիմիթեդ» ընկերությունների կողմից։ Այս ընկերությունները գրանցված են օֆշորային գոտիներում՝ Մարշալյան և Կայմանյան կղզիներում, Կիպրոսում։
«Մրցակցության օրենսդրության տեսանկյունից խնդրահարույց կարող է լինել այն, որ հարկային արտոնյալ ռեժիմ ունեցող երկրներում կազմակերպությունների գրանցումը հնարավորություն չի տալիս բացահայտելու այդ կազմակերպության սեփականատերերին, ինչի արդյունքում հնարավոր է, որ ոլորտում գործող բազմաթիվ կազմակերպություններ հայտնվեն ինչ-որ կազմակերպության կառավարման տակ, ինչը կարող է բերել տվյալ ոլորտներում մրցակցության կրճատմանը և կենտրոնացվածության բարձրացմանը»,- նշված է ՏՄՊՊՀ ուսումնասիրությունում։ Ընկերությունների մի մասը զբաղվում է մետաղական, մյուս մասն էլ` ոչ մետաղական հանքավայրերի շահագործմամբ։ ՏՄՊՊՀ ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ ընկերությունները գնել, ապա վաճառել են «միջնորդներ» էմին Կնյազյանը, Վարդան Դիլանյանը, Դմիտրի Գևորգյանը, Սուրեն Ավագյանը, նաև՝ կիպրական «Պապիդինվեստ թրեյդինգ լիմիթեդ»-ը, Մարշալյան կղզիներում գրանցված «Մատաբոռ ֆայնընս լիմիթեդը», էստոնացի Ալվար Վիրկուսը։ Այս մարդկանց և ընկերությունների միջոցով ձեռք բերված ընկերություններն են՝ «Արմենիա ինթերնեյշնլ գոլդ», «Գլոբտեխ», «Մարլյուբ», «Արմատշեն», «Արա և Էդգար», «Կորատեքս» «Ձեմ փրոդաքշն», «Գենտամայն», «Էֆի ռեսուրսիս», «Ֆերրոմ ռեսուրսիս», «Րեյր էրթս», «Կամեոլուկ», «Մեթալ մայնինգ», «Պիրիտա», «Իրոն մայնինգ», «Սոլվ» «Բեյզ սթոուն քամփնի», «Դելմարոն», «Իէյջէյ մենեջմենթ» ՍՊԸ-ները։
1lurer.am-ը մաս-մաս կներկայացնի այն ընկերություններին, որոնք ըստ ՏՄՊՊՀ-ի Հայաստանում դարձել են հանքարդյունաբերական ընկերության սեփականատերեր։
Արմենիա ինթերնեյշնլ գոլդ. հանքարդյունաբերական ընկերություն՝ արգելանք դրված գույքով
Այս ընկերությունը զբաղվել է Գեղարքունիքի մարզի Ծարասարի արմատական ոսկու հանքերևակման տարածքում որոնողահետախուզական գործունեություն իրականացնելով։ Հայտնի չէ, թե, ի վերջո, որոնողահետախուզական աշխատանքներից ինչ է պարզ դարձել։ Այնուհանդերձ, «Արմենիա ինթերնեյշնլ գոլդ»-ից հետո երկու այլ ընկերություններ այս տեղանքում կատարել են նույն աշխատանքը։ Ընկերությունը ընդերքօգտագործման թույլտվություն չունի։ «Հետքը»-ը ժամանակին անդրադարձել էր այս հանքավայրի շուրջ զարգացումներին։ «Արմենիա ինթերնեյշնլ գոլդ»-ից հետո այստեղ երկրաբանահետախուզական աշխատանքներ է անցկացրել «Ինթերնեյշնլ գոլդ» ընկերությունը։
«Արմենիա ինթերնեյշնլ գոլդ» ընկերությունը, ըստ ՏՄՊՊՀ-ի, պատկանում է Կիպրոսում գրանցված «Բալուչի հոլդինգս» ընկերությանը։ Այս ընկերությանն առնչվող ուշագրավ տեղեկության կարելի է հանդիպել Դատալեքսում։ Ըստ գործի նախապատմության՝ «Արմենիա ինթերնեյշնլ գոլդ»-ի բաժնետերեր են հանդիսացել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ կապված օֆշորային սկանդալի դերակատարներից Փայլակ Հայրապետյանը, որն ունեցել է ընկերությունում 20 տոկոս բաժնեմաս, նույնքան բաժնեմասեր են ունեցել Նունե Սերոբյանը, Ավետիք Արզոյանը, Աշոտ Ասարյանը և Բենիկ Հարությունյանը։ Վերջինս բուժծառայության գնդապետ է, բժշկական գիտությունների դոկտոր, 1993-1995 թվականներին եղել է ռազմաբժշկական ծառայության պետ, իսկ 2002-2010-ը՝ առողջապահության նախարարության կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն։ Հարությունյանը ներկայումս պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի խորհրդականն է։ Այս անձանց բաժնեմասերի հարաբերակցությունը հետագայում փոփոխվել է՝ Բենիկ Հարությունյանը ձեռք է բերել Փայլակ Հայրապետյանի ու Ավետիք Արզոյանի բաժնեմասերը և տնօրինել «Արմենիա ինթերնեյշնլ գոլդ»-ի բաժնեմասերի 60 տոկոսը, որը հետագայում փոխանցել է Կիպրոսում գրանցված «Բալուչի հոլդինգս»-ին։ Մնացյալ 40 տոկոսի բաժնետերերը դատական ատյաններով փորձել են անվավեր ճանաչել այս գործարքները, սակայն հաջողության չեն հասել։
Դատարանում որպես «Բալուչի հոլդինգս»-ի ներկայացուցիչ հանդես է եկել Մհեր Ավետիսյանը, որը ևս ԱՆ կուրորտաբանության ու ֆիզիկական բժշկության ինստիտուտի աշխատակից է և եղել է Բենիկ Հարությունյանի ենթական։ Ավետիսյանը վերջերս ռեգիստրում գրանցել է «Ընդերքօգտագործողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպությունը, աշխատել է նաև «Վերածնունդ» հիմնադրամում, որը հիմնադրել է Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը։ Վերջինիս մեկ այլ հիմնադրամին՝ «Փյունիկին» «Բալուչի հոլդինգս»-ը 2013-ին փոխանցել է մոտ 82 միլիոն դրամ՝ ըստ հիմնադրամի ներկայացրած հաշվետվության։ «Բալուչի հոլդինգ»-ը հիմնվել է 2008-ին Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում, որպես բաժնետեր նշված է Ալվար Վիրկուս անունով անձը, որին ՏՄՊՊՀ-ն համարում է հանքարդյունաբերական ընկերությունների վաճառքի միջնորդ։ Չի բացառվում, որ Վիրկուսը proxy person է՝ իրավաբանական ծառայություններ մատուցող և ընկերություններ գրանցող անձ։ Վիրկուսը ներգրավված է մեկ այլ կիպրական ընկերությունում ևս՝ Cifean Investments Limited-ում։
Ալվար Վիրկուսից առաջ «Բալուչի հոլդինգս»-ի բաժնետեր են հանդիսացել Zoulian consultants և Zoulian investments limited ընկերությունները, որոնք կապակցված են համանուն կիպրական այլ ընկերությունների հետ։ Այս ընկերությունների մասին ժամանակին գրել է համաշխարհային մամուլը՝ նշելով, որ Zoulian-ի հետ փոխկապակցվածություն ունի ռուս խոշոր բիզնեսմեն, օլիգարխ Բորիս Ռոտենբերգը, որը համարվում է Պուտինի մերձավորներից։ Նա Լոնդոնի կենտրոնում, ըստ «Թայմս»-ի, 5 միլիոն ֆունտ ստեռլինգով ձեռք է բերել խոշոր առանձնատուն օֆշորային ընկերությունների միջոցով, որոնցից մեկն էլ Zoulian LTD և Zoulian management ընկերություններն են։
Վերադառնալով «Արմենիա ինթենեյշնլ գոլդ»-ին՝ նշենք, որ 2019-ին Պետեկամուտների կոմիտեի իրավաբանական վարչությունը արգելանք է դրել ընկերության բանկային հաշիվներին՝ չկատարած 600.000 դրամի հարկային պարտավորությունների համար։
«Բալուչի հոլդինգս»-ը Հայաստանում մեկ այլ ընկերության՝ «Սլոբեր»-ի բաժնետերն է եղել։ «Սլոբեր» ընկերությունը հիմնվել է 2009 թ. ու Սասունիկում զբաղվում է խճի, բազալտի արդյունահանմամբ։ Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի համաձայն՝ ի սկզբանե ընկերության միանձնյա բաժնետեր է հանդես եկել Սուրեն Ավագյանը։ Մեկ տարի անց նա իր բաժնեմասն ամբողջությամբ հանձնել է «Բալուչի հոլդինգս» ընկերությանը, որը «Սլոբեր»-ի բաժնետեր է եղել 2010-2014 թվականներին։ 2014-ին «Բալուչի հոլդինգս»-ը ընկերության իր բաժնեմասերն ամբողջությամբ նորից հետ է փոխանցել Սուրեն Ավագյանին, իսկ ավելի կոնկրետ՝ նրա որդուն՝ Հայկ Ավագյանին։ ՏՄՊՊՀ ուսումնասիրությունում Սուրեն Ավագյանը ներկայացվում էր հանքերի առքուվաճառքի «միջնորդ» անձանցից մեկը։
Սուրեն Ավագյանը 99 տոկոս բաժնեմաս ունի «Դարդան» ՍՊԸ-ում։ Ընկերության 1 տոկոսն էլ պատկանում է Էմին Կնյազյանին։ Ըստ ՊԵԿ հարկ վճարողների որոնման համակարգի տվյալների՝ ընկերությունը զբաղվում է գլխամասային գրասենյակների ծառայությամբ։ 2017-ին կառավարությունը հնարավորություն տվեց «Դարդան»-ին հետաձգել կառավարությունից ներգրաված վարկային միջոցների մուծումները։ ՏՄՊՊՀ-ն իր ուսումնասիրությունում ևս նշել է, որ «Դարդան»-ի գործունեության ոլորտն անհայտ է։ Այնուհանդերձ, ընկերությանը վարկային մարումներից հետաձգելու որոշման նախագծից պարզ է դառնում, որ «Դարդան» ՍՊԸ-ն փոխկապակցված է մեկ այլ ընկերության՝ «Ավտոճանապարհային մեքենաներ» ՓԲԸ-ի հետ, որը ճանապարհաշինական ընկերություն է (վարկային պարտավորությունները լրացուցիչ գրավով փոխարինելու ընթացքում գրավադրվել է այս ընկերության 243 հազար դոլարի հասնող փոխադրամիջոցներն ու արտադրամիջոցները)։
«Ավտոճանապարհային փոխադրամիջոցների» տնօրենը ժամանակին Յուրի Գևորգյանն էր, որը Էջմիածնի ավագանու անդամ էր և համարվում էր գեներալ Մանվել Գրիգորյանի մտերիմներից։ Ընկերությունը Հայաստանում ճանապարհաշինության գնումների ակտիվ մասնակիցներից է։
Հանքարդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների՝ այլ օֆշորային ընկերության անցնելու վերաբերյալ քննչական կոմիտեում անցյալ տարվանից քննվում է քրեական գործ՝ հակամրցակցային գործունեության հատկանիշներով։ 1.5 տարի շարունակվող նախաքննության ընթացքում կասկածյալներ կամ մեղադրյալներ չկան։