Վերաքննիչ քրեական դատարանում քննվում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու վերաբերյալ:
Նշենք, որ սույն գործով դատավոր Մխիթար Պապոյանի բացարկից հետո գործը մակագրվել է դատավոր Լուսինե Աբգարյանին:
Ռ.Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը տեղեկացրեց, որ մինչև դատավորին ինքնաբացարկ ներկայացնելու հարցի շուրջ դիրքորոշում հայտնելը անհրաժեշտ է համարում մի քանի հարց ուղղել դատավորին, որոնք առնչվում են որոշ շահագրգիռ անձանց հետ կապերին: Պաշտպանն առաջարկեց նիստի այդ հատվածը դռնփակ անցկացնել և ներկայացրեց համապատասխան միջնորդություն, ինչն էլ բավարարվեց:
Ավելի ուշ նիստը դռնբաց շարունակվեց: Պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացնում դատավոր Լուսինե Աբգարյանին:
Ինքնաբացարկի հիմքերից մեկը վերաբերում է այն փաստին, որ դատավորը, համաձայն հրապարակված տեղեկատվության, պետք է դեկտեմբերի 17-30-ը գտնվի արձակուրդում, մինչդեռ այդ պարագայում արձակուրդից 10-ն օր առաջ որևէ գործ չի կարող մակագրվել տվյալ դատավորին։ Երկրորդ հիմքը դատավոր Լուսինե Աբգարյանի եղբոր հնարավոր մտերմությունն է Վահե Գրիգորյանի հետ:
Դատարանը քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ կայացնելու իրեն ներկայացրած բացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը: Այն կհրապարակվի դեկտեմբերի 18-ին:
Նշենք, որ դատական նիստին չի մասնակցում Ռոբերտ Քոչարյանը: Նա դեռ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում է: