Դեկտեմբերի 14-ին ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, ստացված տվյալներն իրացնելիս, Ազատավան գյուղի բնակիչներից մեկի տանը հայտնաբերել են «Կարմիր գրքում» հաշվառված բեզոարյան այծի գլուխ՝ մորթիով:
Ոստիկանության Արարատի մարզային վարչության, Արտաշատի և Արարատի բաժինների ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են, որ Վեդի քաղաքի բնակիչը, որը ոստիկանության Արարատի մարզային վարչության տարածքային ստորաբաժանումներից մեկի ծառայող է, դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Դաշտաքար գյուղից 2 կմ հեռու՝ Կոթոբուլախ կոչվող վայրում, իր օրինական ակոսափող հրազենով որսացել է բեզոարյան այծին, այնուհետև մորթել և իր մեքենայով տեղափոխել է Ազատավան գյուղի ծանոթի տուն՝ մորթին մշակելու նպատակով:
Դեկտեմբերի 15-ին ոստիկանը ներկայացել է Արտաշատի բաժին, տվել խոստովանական բացատրություն ու ներկայացրել հրազենը: Դեպքի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնում նյութեր նախապատրաստելուն զուգահեռ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվում է ծառայողական քննություն։ Հանգամանքները պարզվում են։