Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն այսօր ճեպազրույցի ընթացքում պատասխանել է նաև Եվրոպական հանձնաժողովի՝ քաղավիացիայի կոմիտեի նկատմամբ ուժեղացված վերահսկողություն սահմանելու մասին հարցին: Նա ասել է, որ սև ցուցակում թեև չենք հայտնվել, բայց որոշում է կայացվել, որ փետրվարին հանձնաժողովի անդամները կայցելեն Հայաստան և նորից հանդիպման կկանչեն մայիսին:
Ռևազյանն ընդգծել է, որ խնդիրն առաջացել է, երբ «Տարոն Ավիա», Atlantis European Airways և «Ավիակոմպանիա Արմենիա» ընկերությունները ցանկացել են չվերթեր իրականացնել դեպի Եմեն, սակայն «Տարոն Ավիան» չի կարողացել անցնել աուդիտը, ինչի հետևանքով էլ սկսել են կասկածել քաղավիացիայի հսկողությանը:
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահը տեղեկացրել է, որ ավիաընկերությունը խնդիրը կարողացել է վերացնել, բայց թե ինչից է այդ խնդիրն ի սկզբանե առաջացել՝ չեն կարողացել լավ նկարագրել: Նրա խոսքով՝ Եվրամիությանը ներկայացրել են խնդիրները, առաջարկվող լուծումներն ու ժամկետները, որի ընթացքում պետք է առաջընթաց արձանագրեն: Ռևազյանն ընդգծել է, որ շատ գործ կա անելու, որը պետությունը պետք է աներ 10 տարի առաջ: