Շարունակվում է թենիսի մաֆիոզ խմբերի կողմից խաղադրույքների պարբերաբար իրականացվող մանիպուլյացիաների հետաքննությունը, որն ընթանում է ավելի քան մեկ տարի մի շարք երկրներում, այդ թվում՝ Բելգիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում և Միացյալ Նահանգներում: ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն կապի մեջ է բելգիացի քննիչների հետ: Ներկայումս գործում ներգրավված է աշխարհի մոտ 135 խաղացող, այդ թվում՝ հայտնի 50 պրոֆեսիոնալ:
Բելգիայի գլխավոր դատախազի տեղակալ և քննիչ Էրիկ Բիշոփն ասել է. «Սա հայկական մաֆիոզ ցանց է, որը տարածված է եվրոպական յոթ երկրում: Այն շատ խելացի կառույց է և գործում է մեծ մասշտաբներով: Ոչ միայն ծավալներն են եզակի, այլև մանիպուլյատորների խաղադրույքների համակարգը»:
Հարյուրավոր փոքր գումարներ են երբեմն դրվել շահարկվող խաղերի վրա, և դա արվել է՝ խորհրդակցելով թենիսի մասնագետների հետ, իսկ յուրաքանչյուր մանիպուլյացիան տասնյակ հազարավոր եվրո է: Քննիչ Բիշոփն ասել է. «Այս մաֆիան շատ կառուցվածքային է, ունի մարդիկ, որոնք պատասխանատու են հաշիվների համար, մյուսները գումար են լվանում: Մարդիկ էլ կան, որոնք կապ են հաստատում խաղացողների հետ»:
Սպորտը վաղուց է դարձել միլիարդ դոլար արժողությամբ խաղադրույքների բիզնեսի խաղադաշտ: Այն նաև հանցագործների տեսադաշտում է: «Աշխարհի մաֆիոզ խմբերն ու սինդիկատները հանդիպումներն օգտագործում են փող աշխատելու և փողեր լվանալու համար»: Հետաքննության արդյունքները պարզ կլինեն մի քանի ամսից: