Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ի պատասխան ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման, սպառնացել է ճանաչել Ամերիկայի բնիկների՝ հնդկացիների ցեղասպանությունը:
«Մենք միլիոնից ավելի փաստաթուղթ ենք բացել 1915 թ. դեպքերի վերաբերյալ: Եկե'ք, ուսումնասիրե'ք: Մենք փաստերով ենք խոսում: Մենք էլ մեր խորհրդարանի որոշումներով ձեր դեմ հանդես կգանք: Արդյոք կարելի է, խոսելով Ամերիկայից, լռել հնդկացիների մասին. դա ԱՄՆ-ի պատմության խայտառակ էջն է»,- A Haber հեռուստաալիքի եթերում հայտարարել է Էրդողանը:
ԱՄՆ-ին անդրադառնալուց բացի՝ Էրդողանը նաև չի մոռացել Ֆրանսիային՝ հայտարարելով, որ ֆրանսիացիները պետք է հիշեն Ռուանդայի և Ալժիրի այսպես կոչված «ջարդերի» մասին:
Էրդողանը նաև խոստացել է աշխարհին ապացուցել, որ Արևմուտքի պատմությունը ռասիզմի և գաղութացման պատմություն է: