«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում ձմռան նախապատրաստական աշխատանքներ են ընթանում: Արդեն պահեստավորվել է 2000 տոննա աղ և 3000 տոննա ավազ:
Ձնամաքրման համար նախատեսված հատուկ տեխնիկան պատրաստ է. բազմագործառութային բոլոր մեքենաները ջրցանից վերափոխվել են աղցանի:
«Այս պահին ունենք 21 միավոր տեխնիկա, որոնք սարքավորված են ձմեռային տարեշրջանի համար, և սպասում ենք ևս 8-ին, որոնցից 3-ն արդեն ժամանել են Հայաստան, իսկ ևս 5-ը նախատեսում ենք այս տարվա ընթացքում»,- նշել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Գրիգորյանը:
ՀՈԱԿ-ի աշխատակիցները պատրաստ սպասում են առաջին ձյանը: «Բոլոր վարորդներն ունեն իրենց հրահանգները և ձյան գալու դեպքում դուրս են գալիս: Պատասխանատուներ կան, որոնք կոնկրետ մեքենաների ուղղություններով են զբաղվում: Ամբողջ գիշեր պտտվում են տեղամասերում, և եթե է ձյուն էլ չկա, բայց մերկասառույց լինի, այդ պարագայում ևս դուրս են գալիս մեքենաները, և աղ ենք ցանում»,- ասել է ՀՈԱԿ-ի տնօրենը:
Ձմռանը նախապատրաստվելու ընթացքին օրերս ծանոթացել է նաև քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Պարզ է, որ մեր հիմնարկը նոր է ստեղծված, և տեխնիկան մինչև վերջ համալրված չէ, ուստի կարող է անհրաժեշտություն լինի ձնամաքրման աշխատանքներում ներգրավվել նաև այլ ընկերությունների»,- ընդգծել է քաղաքապետը:
Տեխնիկայի հավաքակայանի համալրումը շարունակվում է: Այս գործին են միացել նաև Հայաստանում և արտերկրում աշխատող ընկերություններն ու գործարար անհատները: Քաղաքը նվեր է ստանում ոչ միայն ձնամաքրող, այլ նաև աղբատար մեքենաներ: