Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, քիչ առաջ մերժեց պաշտպանների բողոքը Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ:
Պաշտպանները բողոքարկել էին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի նոյեմբերի 5-ի որոշումը, որով մերժվել էր Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը:
Միաժամանակ դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը՝ մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանին վարույթից հեռացնելու մասին: Ընթերցելով դատախազին բացարկ հայտնելու հիմքերն ու կարգը՝ նախագահող դատավորը նշել է, որ միջնորդությունը պետք է մերժել՝ առանց անդրադառնալու դրա հիմնավորվածությանը, քանի որ սույն բողոքի շրջանակում դատարանը լիազորված է ստուգել միայն վիճարկվող դատական ակտի հիմնավորվածությունն ու օրինականությունը և հանդես չի գալիս իբրև քրեական վարույթ իրականացնող մարմին: