Շաբաթ օրը Թբիլիսիի Ազատության հրապարակում տեղի է ունեցել «Վրացական երազանք» իշխող կուսակցության բազմահազար կողմնակիցների հավաքը:
«Մենք մեծ գայթակղություն ունենք նույն կերպ պատասխանելու ընդդիմությանը, քանի որ այն արժանի է դրան, բայց մենք դա չենք անի»,- հայտարարել է կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին՝ ելույթ ունենալով հավաքի ժամանակ: Ըստ բանախոսի՝ իշխող կուսակցությունը գործելու է քաղաքակիրթ միջավայրում և արժանապատվորեն:
«Մենք կհաղթահարենք բոլոր դժվարությունները, կմիավորենք երկիրը, կամրապնդենք տնտեսությունը և, ամենակարևորը, մենք կշարժվենք այն ճանապարհով, որում մարդը հիմնարար արժեք է: Շատ շուտով մեր ագրեսիվ հակառակորդներն իրե՛նք կհամոզվեն ստի և բռնության վրա հիմնված քաղաքականության անօգտակարության հարցում»,- ասել է Իվանիշվիլին:
Հիշեցնենք, որ «Վրացական երազանքի» հանրահավաքը տեղի է ունենում նոյեմբերից շարունակվող բողոքի ցույցերի ֆոնին և այն պայմաններում, երբ ընդդիմությունը 2020 թվականին խորհրդարանական արտահերթ ընտրություններ է պահանջում՝ բացառապես համամասնական եղանակով: