Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ, որին մասնակցել է նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Խորհրդակցությանը ներկա են եղել կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը, քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շահբազյանը։
Նախարար Սուրեն Պապիկյանն արդյունավետ է որակել պետական մարմինների ղեկավարների և մարզպետների մասնակցությամբ ոլորտային հարցերի անմիջական քննարկման արդեն իսկ պարբերական դարձած ձևաչափը և նկատել, որ այն բարձրացնում է միջոլորտային խնդիրները լուծելու արդյունավետությունը։
Նախարար Թորոսյանը խոսել է մարզերում առողջապահության ոլորտին առնչվող ընթացիկ հարցերից, մասնավորապես, խնդրել մարզպետներին իրենց իրավասության շրջանակում հետևողական լինել մարզերի նախակրթական և հանրակրթական ուսումնական հաստատություններում սանիտարական նորմերով պահանջվող ջերմային ռեժիմի պահպանմանը։
Մարզպետների հետ խորհրդակցությունը շարունակվել է օրակարգային մի շարք հարցերի շուրջ։ Քննարկվել է 2019 թ․ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն և մարզերում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին ուղղված ծրագրերի իրականացման աշխատանքների ընթացիկ վիճակը։
Անդրադարձ է կատարվել այն ծրագրերին, որոնք, պայմանավորված եղանակային պայմաններով, նախատեսվում են ավարտել հաջորդ տարի։ Նախարարի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ շինաշխատանքների ընթացքում հայտնաբերված թերություններն ու նախանշված ժամկետների խախտումներն արձանագրելու և շինարարական կազմակերպությունների հետ դրանք վերացնելուն ուղղված հետևողական աշխատանք տանելու ուղղությամբ։
Ամփոփվել են 2019 թ․ դեկտեմբերի 1-ի դրությամբ համայնքների եկամուտների հավաքագրման արդյունքները։ Նշվել է, որ սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,3 մլրդ դրամով։
Հանդիպմանը անդրադարձ է եղել նաև Երևանի 2800-ամյակին նվիրված պուրակում նախատեսվող տոնավաճառին և ամանորյա միջոցառումներին մարզերի կոլորիտային ներկայացվածությունն ապահովելուն։