Մեկնարկել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի նախաձեռնած «Հավաք հանուն ապագայի, հանուն Հայաստանի Հանրապետության» նախաձեռնությունը: Ներկա են հասարակական, քաղաքական, մշակույթի գործիչներ:
Արման Բաբաջանյանը նշել է, որ այս նախաձեռնությունն իրենն է, մինչդեռ վստահ է` համախմբման գաղափարը կրում է մասնակիցներից յուրաքանչյուրը: Բաբաջանյանը հայտարարել է, որ 2018-ին հեղափոխությունը պատմական հնարավորություն է տվել կառուցելու մեր բոլորի երազած Հայաստանը, բայց ճանապարհը հեշտ չէ. հեղափոխությունը վտանգվում է ամեն օր:
Այն, ըստ Բաբաջանյանի, վտանգում են ոչ միայն նախկին հանցավոր ռեժիմը, որ ռևանշի հայտ է ներկայացնում, այլ նաև իշխանության որոշ շերտեր՝ իրենց ապաշնորհությամբ, ոչ կոմպետենտությամբ ու ոչ պրոֆեսիոնալիզմով: Բաբաջանյանի խոսքով՝ նախկին հանցավոր ռեժիմի նպատակն ամեն րոպե հեղափոխության ընթացքը կանգնեցնելն է, նախկին հոռի բարքերը վերակենդանացնելը:
«Հեղափոխությունն ունի պաշտպանության կարիք»,- ընդգծել է Արման Բաբաջանյանը` նշելով, որ իրենց խնդիրը այդ պահի վտանգների հնարավորությունը չեզոքացնելն է: