Թուրքիայի խորհրդարանում կոշտ են արձագանքել ԱՄՆ Սենատի ընդունած Հայոց ցեղասպանության բանաձևին։ Այս մասին գրում է Ermenihaber-ը:
Իր կոպիտ ելույթով աչքի է ընկել հատկապես իշխող ուժի՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Էմին Աքբաշօղլուն։ Նա Սենատի ընդունած բանաձևի վերաբերյալ իր դժգոհությունը հայտնել է օսմանյան պոետ Մեհմեթ Աքիֆ Էրսոյի «Թքե՛ք» բանաստեղծությունից մի հատված ընթերցելով։
«Ամենալավ պատասխանը տվել է Մեհմեթ Աքիֆը 100 տարի առաջ։ Ազգային ուժի ոգով դեռևս 100 տարի առաջ եղած զգացումները և խոհերը նույնությամբ մենք ենք հիմա կրում և ազգային ու պետական դիրքերից գոչում ենք, որ թքում ենք ԱՄՆ Սենատի այդ բանաձևի վրա։ Մենք դա համարում ենք ոչնչություն»:
Իսկ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» պատգամավոր Էնգին Ալթայը հայտարարել է, որ նախագահ Էրդողանից սպասում են ԱՄՆ Սենատին տրվելիք մի այնպիսի պատասխան, որը վայել կլինի թուրք ժողովրդի և Թուրքիայի խորհրդարանի պատվին ու հեղինակությանը։