Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր Ֆեյսբուքի էջում անդրադարձել է «Արաբկիր» բժշկական համալիրում գրանցված միջադեպին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ, նույն համալիրի Ֆեյսբուքի էջում տեղեկություն էր հայտնվել, որ սույն թվականի դեկտեմբերի 11-ին «Արաբկիր» բժշկական համալիրի ընդունարան են դիմել ծնողներ, որոնց երեխան ունեցել է բարձր ջերմություն և ջերմային ցնցումներ:
«Ընդունարանում բժշկական անձնակազմի կողմից բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում երեխայի հայրը դրսևորել է ագրեսիվ պահվածք՝ կոտրել է բժշկի սեղանի ապակին, վնասել է վիրաբուժական ընդունարանի դուռը, պատռել է սեղանին դրված մեկ այլ հիվանդի պատմագիրը: Իրավիճակը կանխվել է հիվանդանոցի և անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: Երեխան տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք՝ հետագա բուժման նպատակով:
Հաջորդ օրը` կեսօրին, երեխայի ծնողները, ըստ «Արաբկիր» բժշկական համալիրում գործող կարգի, հրավիրվել են վերակենդանացման բաժնի վարիչի սենյակ՝ երեխայի վիճակի մասին տեղեկատվություն ստանալու նպատակով: Այդ ընթացքում հայրն անվայել խոսքեր է հնչեցրել բաժանմունքի վարիչի հասցեին և գլխով հարվածել վերջինիս դեմքին, ինչի հետևանքով բժիշկը ստացել է մարմնական վնասվածք։
Տեղի ունեցած միջադեպի մասին հայտնվել է Արաբկիրի ոստիկանություն»:
Արսեն Թորոսյանը գրել է, որ նման արարքը որևէ արդարացում չունի: «Ցանկացած բռնության դեպք, կրկնում եմ՝ ցանկացած նման դեպք բուժաշխատողների նկատմամբ պետք է դատապարտելի է լինի 10-ապատիկ ավելի, քանի որ բռնության ենթարկվողը կյանքեր է փրկում, այդ թվում՝ բռնարարի կամ նրա հարազատի։
Կոչ եմ անում իրավապահներին պարզել մեղավորներին և օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկել նրանց»: