Ուկրաինայում դեռևս չպարզված հանգամանքներում անհետացել է բլոգեր Էլվին Իսաևը: Մտերիմները կարծում են, որ դա արվել է նրա քաղաքական հայտարարությունների պատճառով: Այս մասին գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Ըստ ռուսաստանյան աղբյուրի՝ ադրբեջանցին անհետացել է դեկտեմբերի 12-ի առավոտյան: Նրա հարազատները ենթադրում են, որ Ուկրաինան անօրինական, առանց դատարանի որևէ որոշման, Իսաևին արտաքսել է Ադրբեջան, որտեղ նա կարող էր խնդիրներ ունենալ իր քաղաքական հայտարարությունների համար:
Բլոգեր Էլվին Իսաևի գտնվելու վայրն այս պահին անհայտ է և չկա որևէ փաստ, որ նա արտահանձնվել է Ադրբեջանին: Հարազատները վստահեցնում են, որ Էլվինը որևէ այլ հանցագործություն չի կատարել, բացառությամբ «քաղաքական ոչ ճիշտ» տեսանյութերի: Մտերիմները պատրաստվում են դիմել նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ:
Այսօր համացանցում ևս տեղեկություն է տարածվել, որում նշվում է, որ Ալեքսանդր Լապշինի տեղեկացմամբ՝ Ադրբեջանն աննախադեպ որս է սկսել արտերկրում բնակվող իր քաղաքացիների ու օտարերկրյա բլոգերների նկատմամբ, որի ապացույցը Ուկրաինայում անհետացած ադրբեջանցի բլոգեր Էլվին Իսաևն է։
Նշենք, որ բլոգեր Ալեքսանդր Լապշինը «Լուրերի» հետ զրույցում փոխանցել է, որ իրեն հետախուզելու մասին իմացել է Լոնդոնում գտնվելու ժամանակ: Նա այնտեղից եկել է Լիտվա և օդանավակայանում նրան բերման են ենթարկել և հայտնել, որ հետախուզման պատճառն այն է, որ Ադրբեջանը նրան մի շարք մեղադրանքներ է առաջադրել:
Լապշինը վստահություն է հայտնել, որ Եվրոպայում այս թեմայով ոչ ոք սկանդալ չի ուզում, և այդ պատճառով իրեն ազատ են արձակել: