Թեպետ «Հյուսիսային հոսք-2»-ի կառուցումը գրեթե ավարտված է, ամերիկյան պատժամիջոցների կիրառումը կարող է խոչընդոտել հսկայի մեկնարկը կամ նվազագույնը՝ սառեցնել գործընթացը: Հոռետեսական տեսակետի հեղինակը գերմանական Süddeutsche Zeitung պարբերականի հոդվածագիրն է:
Միացյալ Նահանգները ցանկանում է պատժամիջոցներ կիրառելով խոչընդոտել Գերմանիայի և Ռուսաստանի միջև խողովակաշարի նախագծի իրականացումը: Ի դեպ, խողովակաշարը վիճաբանությունների ու տարաձայնությունների առիթ է տվել հենց Եվրոպայի ներսում, թեպետ շինարարությունը գրեթե ավարտված է: ԱՄՆ Կոնգրեսը հավանության է արժանացրել պատժամիջոցներ կիրառելու այն նախագիծը, որը, ծայրահեղ դեպքում, կարող է կանգնեցնել «Հյուսիսային հոսք-2»-ի շինարարությունը: Փաստաթուղթը դեռևս պետք է հաստատի նաև Սենատը, սակայն որոշումը կարող է ավելի հեռուն գնացող հետևանքներ ունենալ:
Միացյալ Նահանգները մտավախություն ունի, որ Եվրոպան, մասնավորապես՝ Գերմանիան, «Հյուսիսային հոսք-2»-ի պատճառով Ռուսաստանից կախվածության մեջ կընկնի թե՛ քաղաքականապես և թե՛ տնտեսապես: Նախագծի շնորհիվ Ռուսաստանն իր էներգետիկ հնարավորությունները է՛լ ավելի շատ կօգտագործի իր նպատակներին հասնելու համար ճնշում գործադրելու համար: Սակայն, ԱՄՆ-ի շահերը ոչ միայն աշխարհաքաղաքական են, այլև՝ տնտեսական: Եթե նախկինում այս տերությունը հիմնականում արդյունահանվող վառելիք ներկրող էր, ապա վերջին տարիներին դարձել է խոշոր արդյունահանող ու արտահանող երկիր: Այժմ ԱՄՆ-ը կարողանում է արդյունահանել ավելի մեծ ծավալների գազ, քան նախկինում: Եվ, իհարկե, Միացյալ Նահանգները ցանկանում է իր ապրանքը վաճառել Եվրոպային:
Քանի դեռ նոր գազատարները՝ «Հյուսիսային հոսք-2»-ը և «Թուրքական հոսքը», չեն գործարկվել, «Գազպրոմ» ընկերությունը շարունակում է գազ մատակարարել ցամաքով՝ Ուկրաինայով դեպի Եվրոպա: Թեպետ, Կիևի հետ գազի տարանցման պայմանագրի ժամկետը լրանում է տարեվերջին: Այս պարագայում Մոսկվային անհրաժեշտ է անուղղակիորեն արձագանքել Միացյալ Նահանգների պատժամիջոցներին: Եթե Վաշինգտոնը կանգնեցնի գազատար խողովակաշարի շինարարությունը, ապա Ռուսաստանն այժմ ավելի շատ շահագրգռված կլինի Կիևի հետ պայմանագրի երկարացմամբ: