ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացնում է ՀՀ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2019 թ. մրցույթը: Տարվա տասը լավագույն մարզիկները որոշվելու են SMS քվեարկության, նախարարությունում գրանցված ՀՀ հավաքական թիմերի մարզիչների (ՀՀ մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացուցիչները) և մրցույթի քվեարկության համար հավատարմագրված լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ (նշված երեք բաղադրիչներից յուրաքանչյուրը կազմում է մրցույթի ընդհանուր արդյունքի մեկ երրորդ մասը):
Մրցույթի SMS քվեարկությունը մեկնարկել է դեկտեմբերի 12-ից (ժամը 10:00-ից) կտևի մինչև դեկտեմբերի 25-ը (մինչև ժամը 18:00-ն), իսկ հավատարմագրված լրագրողների և մարզիչների քվեարկությունն անցկացվելու է դեկտեմբերի 25-ին՝ մինչև ժամը 18:00-ն: Էլեկտրոնային քվեարկությունը կատարվում է մրցույթի մասնակիցներից մեկ մարզիկի անհատական համարի նշումով` 10-41 կարճ համարին SMS հաղորդագրություն ուղարկելու միջոցով: Ընդ որում՝ քվեարկության համար սահմանված ժամանակահատվածում մեկ հեռախոսահամարից հնարավոր է ուղարկել միայն մեկ SMS հաղորդագրություն: Լրագրողները և մարզիչները իրականացնելու են մրցույթի մասնակիցներից առավելագույնը տասը մարզիկի անհատական համարների նշումով և լավագույն տասնյակի հերթականության դասավորմամբ ուղղակի քվեարկություն (բաց քվեարկություն` արդյունքների հրապարակմամբ):
«Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի մասնակիցների շրջանակը որոշվում է հետևյալ ընթացակարգով.
1. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մինչև դեկտեմբերի 12-ը` հրապարակման համար, ՀՀ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի կազմակերպչական աշխատանքներն իրականացնող հանձնաժողովին է ներկայացնում 2019 թվականի ընթացքում օլիմպիական մարզաձևերից և ոչ օլիմպիական ուշու, սամբո և շախմատ մարզաձևերով մարզական բարձր ցուցանիշներ արձանագրած և ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված չափորոշիչներին համապատասխան ամենաբարձր միավորներն ունեցող 20 մարզիկների անվանացանկը (20-րդ տեղում հավասար միավորների դեպքում ընդգրկվում են հավասար միավորներ ունեցող բոլոր մարզիկները):
2. ՀՀ մարզաձևերի ֆեդերացիաները (օլիմպիական մարզաձևեր և ոչ օլիմպիական մարզաձևերից ուշու, սամբո և շախմատ) մինչև դեկտեմբերի 10-ը մրցութային անվանացանկում ներառելու նպատակով հանձնաժողովին են ներկայացնում 1-3 մարզիկի թեկնածություն, որոնք ընթացիկ տարում ունեցել են նշանակալի մարզական հաջողություններ և նվաճումներ (օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, Եվրոպական խաղերում, շախմատի համաշխարհային օլիմպիադայում և համաշխարհային ուսանողական խաղերում), գրավել են մրցանակային տեղեր, խաղային մարզաձևերում ցուցաբերել են անհատական հաջողություններ և իրենց մրցելույթներով Հայաստանն ու հայ ժողովրդին ավելի ճանաչելի են դարձրել, նպաստել Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդմանն ու զարգացմանը: Ֆեդերացիաների կողմից մրցույթի մասնակիցների թեկնածություններ չառաջադրվելու դեպքում տվյալ մարզաձևից թեկնածություններ առաջադրելու լիազորությունը վերապահված է հանձնաժողովին:
Նշված կետերում սահմանված թեկնածությունները միասին կազմում են մրցութային անվանացանկը, որին կարելի է ծանոթանալ այս հղումով: