«Երևան իմ սեր» հիմնադրամի և ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանի միջև ստորագրվել է հուշագիր, համաձայն որի՝ «Լուսէ» վերականգնողական կենտրոնում կստեղծվի մանկական ինտեգրացիոն սենյակ: «Երևան իմ սեր» հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանը նշել է, որ այդ հուշագիրն ազդարարում է փոխադարձ համագործակցության նոր սկզբի մասին:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը շնորհավորել է բոլոր այն երեխաներին և ծնողներին, որոնց համար ստեղծվելու է մանկական ինտեգրացիոն սենյակը, ապա նշել. «Այսպիսի կենտրոնները շատ կարևոր են հատկապես երեխաների՝ համայնքում ապրելու իրավունքն ապահովելու համար: Այս ուղղությամբ քայլերը մեր պետության քաղաքականություններից մեկն է: Մենք պետք է քայլեր ձեռնարկենք, որպեսզի երեխաները հաշմանդամության կամ սոցիալական խնդիրների պատճառով որևէ կերպ չմեկուսանան իրենց հասակակիցներից: Դրա նախապայմանը համայնքում հենց այսպիսի կենտրոններ ունենալն է, որը կօգնի և՛ երեխաներին, և՛ նրա հետ աշխատող մասնագետներին, ինչպես նաև ծնողներին»:
ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան նշել է, որ իր համար մեծ հաճույք է մասնակցել նմանատիպ հուշագրի ստորագրման արարողությանը: «Ուրախ եմ տեղեկացնել, որ «Մարդկային անվտանգության ապահովման» ծրագրի շրջանակներում Ճապոնիայի՝ 46 հազար 213 ԱՄՆ դոլար դրամաշնորհային օժանդակությունն այժմ կծառայի «Լուսէ» կենտրոնում զգայական ինտեգրացիայի սենյակի հիմնմանը՝ «Երևան իմ սեր» հիմնադրամի հետ համատեղ: Սենյակը երեխաների համար կստեղծի անվտանգ և բարենպաստ միջավայր»,- ասել է դեսպանը: Նրա խոսքով՝ ծրագիրը նպատակաուղղված է օգնելու հատուկ կարիքներ ունեցող երեխաներին՝ կառավարելու իրենց հույզերը և բարելավելու ինքնուրույն ապրելու հմտությունները: