ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփել է «Երիտասարդական մրցանակաբաշխություն-2019» ծրագիրը: Դեկտեմբերի 12-ին Երևանի պետական կամերային թատրոնում տեղի է ունեցել ծրագրի փակման արարողությունը և մրցանակաբաշխությունը, որին ներկա է եղել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
Նախարարը, ներկաներին շնորհավորելով ծրագրի շրջանակում հաղթելու կապակցությամբ, ասել է, որ մասնակից վառ անհատները կարող են ապահովել մեր հասարակության առաջընթացը: «Անհատը՝ որպես մեր հասարակության կարևոր բաղադրիչ, ապահովում է մեր առաջընթացն անձնական վերափոխմամբ։ Երբե՛ք չդադարեք երազել, երբե՛ք։ Դա հաղթանակների ու հաջողությունների հասնելու համար ամենակարևոր բաղադրատոմսն է»,- ասել է Արայիկ Հարությունյանը:
ԿԳՄՍ նախարարությունը «Երիտասարդական մրցանակաբաշխություն-2019» ծրագրի անցկացմամբ նպատակ ունի խթանել հանրային կյանքին երիտասարդների մասնակցությունը, խրախուսել տարվա ընթացքում նշանակալի հաջողություններ ցուցաբերած երիտասարդներին, երիտասարդական խմբերին և երիտասարդական հասարակական կազմակերպություններին, արժևորել նրանց ձեռքբերումները, բարձրացնել Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման ակտիվ գործընթացներում երիտասարդների ներգրավվածության մակարդակը:
Այս տարի մրցանակաբաշխությունն անցկացվել է 11 անվանակարգում: Հայտերի ընդունումը սկսվել է հոկտեմբերի 21-ից և շարունակվել մինչև նոյեմբերի 23-ը։ Առցանց հայտը կարող էր լրացնել յուրաքանչյուր անձ՝ առաջարկելով 2019 թ. ընթացքում իրենց նշանակալի ձեռքբերումներով աչքի ընկած 16-30 տարեկան երիտասարդների, երիտասարդական խմբերի (խմբի անդամներից առնվազն մեկը պետք է լիներ երիտասարդ) թեկնածություններ՝ նշված 11 անվանակարգերից յուրաքանչյուրում: Բոլոր անվանակարգերի լավագույն եռյակում հայտնված երիտասարդները հրավիրվել էին մասնակցելու միջոցառմանը, որի ժամանակ էլ տեղի ունեցավ հաղթողների որոշումը՝ առցանց քվեարկությամբ և Երևանի պետական կամերային թատրոնում գտնվող ներկաների մասնակցությամբ։
«Երիտասարդական մրցանակաբաշխություն-2019»-ի մրցանակակիրները
1. Երիտասարդ բժիշկ՝ Լիլիթ Խաչատրյան.
2. Երիտասարդ բնապահպան՝ GyumRiver.
3. Երիտասարդ գյուղատնտես՝ Արամ Վերդյան.
4. Երիտասարդ գիտնական՝ Մարիա Անտոնոսյան.
5. Երիտասարդ մշակութային գործիչ/կոլեկտիվ՝ Սաղսարա.
6. Հայրենիքի երիտասարդ պաշտպան՝ Արեն Շախկյան, Հրանտ Սարկիսով, Արգիշտի Ղարդաշյան.
7. Երիտասարդական աշխատող՝ Լիլիթ Մակարյան.
8. Երիտասարդ մարզիկ՝ Արթուր Ավետիսյան.
9. Երիտասարդ հայրենադարձ՝ Նարեկ Սուսանի.
10. Երիտասարդ գործարար՝ Անի Անտոնյան.
11. Տարվա երիտասարդ՝ Տիգրան Մալխասյան։