Պաշտպանության նախարարության 2020 թ. բյուջեի թեմայով խորհրդակցությունը վարչապետը սկսել է երախտիքի խոսքով:
«Տեղի է ունեցել կարևոր և պատմական իրադարձություն, հայ ժողովրդի անունից գնահատանքի խոսքեր եմ ուզում ասել ԱՄՆ Սենատի, Ներկայացուցիչների պալատի անդամներին, Միացյալ նահանգների հայությանը, բոլոր այն կազմակերպություններին, որոնք ներդրում են ունեցել այս կարևոր և պատմական որոշման գործում: Շնորհավորում եմ նաև հայ ժողովրդին ճշմարտության պատմական հաղթանակի առիթով: Սա Ցեղասպանության ճանաչման նոր էջ է: Շատ կարևոր է արձանագրել, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը նաև անվտանգային կոմպոնենտ ունի, և այդ պրոցեսը կարևոր է մեր երկրի ու ժողովրդի ապահովման տեսանկյունից»,- հայտարարել է Փաշինյանը:
Վարչապետը նաև արձանագրել է, որ Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը սպառնալիք է: «Ըստ էության, արդեն մոտ 30 տարի Թուրքիան շարունակում է փակ պահել Հայաստանի հետ սահմանը, և այս երևույթները մեկը մյուսի շարունակությունն են: ԱՄՆ և մի շարք այլ երկրների նման որոշումներն արձանագրում են Թուրքիայի վարած ագրեսիվ քաղաքականությունը նաև Սիրիայում, Կիպրոսում, Իրաքում, Հունաստանում: Այս առումով նաև միջազգային հանրությունը պետք է հստակ դիրքորոշում արտահայտի Թուրքիայի գործողությունների նկատմամբ և Թուրքիային ստիպի վերանայել իր դերը տարածաշրջանում: Մենք այսօր էլ պատրաստ ենք Թուրքիայի հետ հաստատել հարաբերություններ, բայց՝ առանց նախապայմանների»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: