Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին։ Փոխվարչապետը համոզմունք է հայտնել, որ դեսպանի գործունեությունը նոր ազդակ կհաղորդի հայ-լիտվական համագործակցությանը։
Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն ասել է, որ ջանք չի խնայի երկու երկրների հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու համար։ Նա հավելել է, որ հայ-լիտվական կապերը զգալիորեն ակտիվացել են թավշյա հեղափոխությունից հետո ու նշել, որ Հայաստանում ընթացող բարեփոխումներին նպաստելու համար Լիտվան պատրաստ է ընդլայնել տեխնիկական աջակցությունը։
Տիգրան Ավինյանը կարևորել է առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը և այս առումով առանձնացրել հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, որի հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել մյուս տարի Վիլնյուսում։
Տիգրան Ավինյանը խոսել է մշակման փուլում գտնվող հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության մասին։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև հանրային ծառայությունների թվայնացման գործընթացին, որի համակարգումն իրականացվում է փոխվարչապետի գրասենյակի կողմից։ Հաշվի առնելով Լիտվայի ունեցած դրական փորձը այս ոլորտում՝ Տիգրան Ավինյանը հետաքրքրություն է հայտնել ուսումնասիրել առկա համագործակցության հնարավորությունները։
Զրուցակիցները քննարկել են ներդրումների խթանման, տեղեկատվական տեխնոլոգիաների, վերականգնվող էներգետիկայի, թափոնների վերամշակման ոլորտներին վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև Երևան-Վիլնյուս ուղիղ ավիաչվերթի բացման հնարավորությանը։