Փարիզում Ֆրանսիայի և ՄԱԿ-ի համանախագահությամբ մեկնարկել է Լիբանանի միջազգային աջակցության խմբի խորհրդաժողովը: Հաղորդվում է, որ մասնակիցները փորձել են օգնել Լիբանանին՝ հաղթահարելու իր պատմության ամենաբարդ տնտեսական և քաղաքական ճգնաժամերից մեկը:
Հանդիպման ավարտից հետո տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ Լիբանանի կայունությունն ու անվտանգությունը կախված է նոր կառավարության արագ ձևավորումից, որն ի վիճակի կլինի վճռական միջոցներ ձեռնարկել՝ տնտեսական բարեփոխումներ իրականացնելու համար:
Maan-ի փոխանցմամբ՝ լիբանանցի ներկայացուցիչներին ասվել է, որ միջազգային հանրությունը պատրաստ է բարեփոխումների պայմանով Լիբանանին տրամադրել 11 միլիարդ դոլարի չափով արտոնյալ վարկեր, ինչը 2018-ին մերժվել էր Սաադ ալ-Հարիրիի կառավարության կողմից:
Հիշեցնենք, որ վեց ամիս առաջ Լիբանանում սկիզբ առած փողոցային պայքարի ճնշման ներքո Սաադ ալ-Հարիրիի ղեկավարած կառավարությունը հրաժարական տվեց, բայց շարունակում է աշխատել մինչև նոր կաբինետի ձևավորումը: