Ոստիկանության և ԱԱԾ փոխգործակցության արդյունքում բացահայտվել են ոստիկանության ծառայողի թույլ տված ապօրինությունները։ Տեղեկությունների հիման վրա ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացված ուսումնասիրությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ոստիկանության Կենտրոնական բաժնի թույլտվության համակարգի ավագ տեսուչը քաղաքացիների անվամբ գրանցված զենքերը պահելու և կրելու թույլտվության ժամկետների երկարաձգման ու զենքերն այլ անձանց անվամբ հաշվառելու գործընթացները կազմակերպել է առանց համապատասխան ընթացակարգերի պահպանման՝ կատարելով ապօրինի գործարքներ։ Պարզվել է նաև, որ ոստիկանության մայորը ապօրինի երկարաձգել է Հայաստանից բացակայող քաղաքացիների զենքերը պահելու և կրելու թույլտվության ժամկետները։ Բացի դրանից՝ քաղաքացիների փոխարեն երբեմն ինքն է ձեռք բերել բժշկական փաստաթղթեր։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ծառայողական քննության արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել կաշառք տալու և ստանալու, ինչպեսև փաստաթղթերի կեղծիք կատարելու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ։ Ծառայողական քննության նյութերն ուղարկվել են հատուկ քննչական ծառայություն։