Ազգային ժողովի արտահերթ նիստում այսօր միաձայն ընդունվել է զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին օրենքում և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը: Այն ընդունվել է 105 «կողմ» ձայնով:
Պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը նշել է, որ պաշտպանության համակարգում գործում է «Լեռնային Հայաստան» հանգստյան տուն-առողջարանը, որը շուրջ երկու տասնամյակ զինվորականներին մատուցել է արտոնյալ կարգով ծառայություններ: Նախագծով առաջարկվում է կատարել համապատասխան լրացում և զինվորական ծառայություն իրականացնող պետական կառավարման այն մարմիններում, որոնք իրենց համակարգում կունենան նման հանգստյան տներ, հնարավորություն տալ զինծառայողներին, նրանց ընտանիքի անդամներին և կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց օգտվել այդ իրավունքից համապատասխան պետական մարմնի կողմից սահմանված կարգով և պայմաններով: Նախատեսվում է նաև բանակի մարզական ակումբի ստեղծում: