ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօր ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հարցազրույցին, որն առնչվել է նաև Լեռնային Ղարաբաղի հարցին, նշել է, որ Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում հստակ ներկայացվել է նաև վերջերս Բրատիսլավայում ԱԳ նախարարի ելույթի ժամանակ: Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն Ադրբեջանի իր գործընկերոջ հետ հանդիպումից հետո նշել է, որ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հիմքը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է, որը պետք է իրացվի առանց սահմանափակման և հարկադրման:
Նաղդալյանն ընդգծել է. «Առանց սահմանափակման ասելով նկատի ունենք, որ Արցախի ժողովուրդը կարող է որոշել ինքնորոշման ցանկացած տարբերակ. այն է՝ Արցախի ժողովուրդը իրավունք ունի պահպանել և սահմանել իր կարգավիճակը Ադրբեջանի ինքնիշխանությունից և տարածքային ամբողջականությունից դուրս: Այն բոլոր առաջարկները, որոնք չեն ապահովում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը, չեն կարող ընդունելի լինել Հայաստանի համար:
Ինչ վերաբերում է անվտանգության ձևակերպումներին, որ Հայաստանը չի սահմանում անվտանգության վերաբերյալ իր մոտեցումները: Ադրբեջանը 30 տարուց ավել ձգվող իր հայատյաց քաղաքականությամբ փաստել է, որ որևէ պարագայում չի կարող ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը: Վերջերս Ադրբեջանի նախագահը մեղադրում էր հայերին Սումգայիթի հակահայկական ջարդերի կազմակերպման և իրականացման համար, և նման միջավայրում անգամ ավելորդ է դիտարկել Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի անվտանգության երաշխավորման հնարավորությունը»:
ԱԳՆ մամուլի խոսնակն ընդգծել է, որ Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է, և Արցախի անվտանգությունը ենթակա չէ զիջման: «Չի կարող լինել իրավիճակ, որ Արցախի ժողովուրդը մնա առանց պաշտպանության համար անհրաժեշտ անվտանգության: Ադրբեջանը կա՛մ ընկալումների հետ կապված որոշակի խնդիրներ ունի, կա՛մ պարզապես չի ցանկանում ընկալել: Նրանք բավականին լավ ընկալում են այն բոլոր անվտանգության դիտարկումները, որոնք հայկական կողմը ներկայացնում է, պարզապես ձևացնում են, որ կարողանան արդարացնել իրենց առավել պաշտոնական դիրքորոշումն այս հարցում»,- ասել է Աննա Նաղդալյանը:
Նաղդալյանը նաև նշել է, որ ներկա փուլում Ադրբեջանի հետ որևէ փաստաթուղթ չի քննարկվում: Նա ընդգծել է, որ Արցախի և Հայաստանի պարագայում սպառնալիքի լեզուն չի գործելու, իսկ Ղարաբաղյան հակամարտության չկարգավորման հիմնական պատճառը Ադրբեջանի առավելապաշտական դիրքրոշումն է, և դրա հիման վրա որևէ առաջընթաց բացառվում է: