Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստը մեկնարկեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խոսքով, որում ԱԺ նախագահն ընդգծեց, որ Ազգային ժողովի 3 խմբակցության անունից ողջունում է ԱՄՆ Սենատին, ինչպես նաև՝ դրանից առաջ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բոլոր գործընկերներին:
«Երեկ ԱՄՆ Սենատում տեղի ունեցած պատմական քվեարկությամբ ԱՄՆ-ը ճանաչեց 20-րդ դարի ամենասոսկալի իրադարձություններից մեկի՝ ողջ մարդկության դեմ ուղղված հանցագործության, իրենց հայրենիքում 1.5 միլիոն հայերի բնաջնջումն Օսմանյան կասրության կողմից: Ես բոլոր խմբակցությունների անունից ցանկանում եմ ողջունել ԱՄՆ Սենատի, ինչպես նաև դրանից առաջ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բոլոր գործընկերներին՝ համապատասխանաբար թիվ 150 և 296 բանաձևերի միաձայն ընդունման կապակցությամբ, և փաստել, որ սրանով՝ այս կարևոր քվեարկությամբ, Միացյալ Նահանգները միացավ Ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված համաշխարհային շարժմանը: Այս առումով ուզում եմ հատկապես շնորհակալություն հայտնել սենատորներ Մենենդեզին, ինչպես նաև դրանից առաջ՝ կոնգրեսական Շիֆին և հայազգի բոլոր մյուս բարեկամներին՝ Կոնգրեսի երկու պալատներում այս օրինագծերի նախաձեռնության և պաշտպանության համար: Ուզում եմ նաև առանձին երախտիքի խոսքեր հղել ԱՄՆ-ում Հայ Դատի գրասենյակի և Հայկական Ասամբլեայի բոլոր ընկերներին, որոնք տարիներ շարունակ ջանքեր չեն խնայել այս կարևոր արձանագրմանը հասնելու համար»,- ասել է ԱԺ նախագահը:
Նա նաև ընդգծել է Հայաստանի հանձնառությունը՝ ջանքեր չխնայել Հայոց ցեղասպանության ճանաչման և արդարացի հատուցման համար: ԱԺ-ն հոտնկայս ծափահարություններով սկսեց նիստը: