ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, իրականացնելով հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործունեության հիմնական ուղղություններից մեկը, օպերատիվ ստորաբաժանումների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է կեղծ դեղերի պատրաստման և իրացման հերթական դեպքը:
Մասնավորապես, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում ազգային անվտանգության ծառայությունից փոխանցված տվյալների հիման վրա 2019 թ. սեպտեմբերի 18-ին հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակներում տեսչական մարմնի աշխատակիցները Երևանում գործող անհատ ձեռնարկատիրոջը պատկանող դեղատանը իրականացրել են զննում: Արդյունքում հայտնաբերվել է «Ֆլուկոնազոլ-Աստերիա» 150 մգ N 2 տեսակի դեղամիջոցը, ինչը հետազոտման նպատակով ուղարկվել է ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող փորձագիտական կենտրոններից մեկը՝ փորձաքննության:
Եզրակացության համաձայն՝ հայտնաբերված դեղամիջոցը չի համապատասխանել «Դեղերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված պահանջներին: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում համապատասխան հոդվածով հարուցվել է քրեական գործ:
ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հորդորում է դեղատնային գործունեությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին՝ արտադրել, ներմուծել, բաշխել, բաց թողնել, իրացնել և կիրառել այն դեղերը, որոնք գրանցված են Հայաստանի Հանրապետությունում, բացառությամբ «Դեղերի մասին» ՀՀ օրենքով սահմանված մի շարք դեպքերի:
ԱԱԾ ծառայության կողմից իրականացված նշված միջոցառումները կրելու են շարունակական բնույթ՝ նմանատիպ դեպքերը հետագայում բացառելու համար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։