Հայաստանի և Ռուսաստանի փոխգործակցությունը բարեկամական, ռազմավարական հիմքի վրա է և վերջին շրջանում նոր որակի հարաբերություններ է արձանագրել: Այսօր «Ռուսաստանի և Հայաստանի ԶԼՄ-ներ. անկեղծ զրույց» խորագրով համաժողովի ժամանակ այս կարծիքն է հայտնել ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը: Վլադիմիր Կարապետյանը նաև առաջարկել է, որ այսուհետև Հայաստանում կազմակերպվող միջոցառումները, այդ թվում և «Լազարևյան ակումբի» նիստերը, տեղի ունենան Հայաստանի լեզվի մասին օրենքի պահանջներին համապատասխան` համաժամանակյա թարգմանության ապահովմամբ:
Վլադիմիր Կարապետյանը ողջունել է «Լազարևյան ակումբի» համաժողովի կազմակերպիչներին ու մասնակիցներին և շնորհակալություն հայտնել հրավերի համար:
«Հայաստանի և Ռուսաստանի փոխգործակցությունը բարեկամական, ռազմավարական հիմքի վրա է և վերջին շրջանում նոր որակի հարաբերություններ է արձանագրել: Թավշյա, ոչ բռնի, խաղաղ հեղափոխությունից հետո առկա է փոխգործակցության լայն և արդյունավետ շրջանակ: Այն արտահայտվում է ինչպես ԵԱՏՄ, ՀԱՊԿ շրջանակում, այնպես էլ երկկողմ համագործակցությամբ: Միայն 2019 թ. ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները հանդիպել են 4 անգամ, նույնքան հանդիպում է տեղի ունեցել նաև վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Հանդիպումների այսպիսի ինտենսիվությունը նշանավորումն է նրա, պատասխանն է այն հարցի, թե ինչպիսի արդյունքներ են գրանցել հայ-ռուսական հարաբերությունները վերջին մեկուկես տարում: Կողմերը սովորաբար հաճախակի հանդիպում են այն ժամանակ, երբ համագործակցելու և պայմանավորվածություններ ձեռք բերելու հնարավորություն կա: Այս ամենի բնական շարունակությունն էր այն, որ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները Երևանում պայմանավորվածություն ձեռք բերեցին փոխադարձ պաշտոնական այցեր կատարել, ինչը նշանակում է, որ մեր երկու երկրները միմյանց միջև հարաբերություններում արդյունավետություն են գրանցել»,- ասել է Կարապետյանը:
Վարչապետի մամուլի քարտուղարը նշել է, որ 2019 թվականի դեկտեմբերի 20-ին Հայաստանի վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստի աշխատանքներին, որի ընթացքում նույնպես սպասվում են շփումներ մեր ռուս գործընկերների հետ: