Հայաստանի ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարան են այցելել մայրաքաղաքի թիվ 171 հիմնական դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները։ Նրանք ԱԺ նիստերի դահլիճի օթյակից հետևել են արտահերթ նիստի աշխատանքներին, եղել են գրադարանում, թանգարանում ծանոթացել օրենսդիր մարմնի պատմությանը։
ԱԺ պատգամավոր Մերի Գալստյանը հյուրերին ներկայացրել է խորհրդարանի կառուցվածքը, պատմել օրենսդրի գործունեության մասին։ Նա ընդգծել է, որ պատգամավորը հանրային շահի սպասարկողն է և ամենօրյա աշխատանքով իր նպաստն է բերում ժողովրդավարության զարգացմանն ու օրենսդրության բարեփոխմանը։
Անդրադառնալով Սեւանա լճի և շրջակա միջավայրի խնդիրներին՝ Մերի Գալստյանը դրանց լուծման հարցում կարևոր է համարել յուրաքանչյուր քաղաքացու դերն ու նշանակությունը։
ԱԺ պատգամավորն աշակերտներին տեղեկացրել է, որ վերջերս փոփոխություն է կատարվել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում, որով հստակ սահմանվել է, թե ինչ քանակությամբ ջուր պետք է օգտագործվի գյուղատնտեսական նպատակներով։
«Սևանը աշխարհի եզակի քաղցրահամ ջրային պաշար ունեցող լիճ է»,- ասել է պատգամավորը։
Մերի Գալստյանը անդրադարձել է աշակերտների բարձրաձայնած դպրոցական խնդիրներին՝ մատնանշելով դրանց լուծման ուղիները։ Հանրության լիարժեք անդամ դառնալու համար ընդգծվել է կրթության կարևորությունը։
Մերի Գալստյանն աշակերտներին հորդորել է լավ սովորել, երբեք չբարդույթավորվել և լինել ինքնաբավ։