ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչությունում կատարված վերլուծությամբ փաստվել է, որ 2018 թ. հունվարի 1-ից մինչև 2019 թ. նոյեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ պետական կառավարման և ՏԻՄ մարմիններում, նրանց ենթակա կամ մասնակցությամբ կազմակերպություններում գրանցված, սակայն աշխատանքի չհաճախած կամ փաստացի աշխատանք չկատարած աշխատողների և նրանց անվամբ ձևակերպված աշխատավարձերի արձանագրված հափշտակության կամ կոռուպցիոն այլ դեպքերի վերաբերյալ ՀՀ իրավասու մարմինների, այդ թվում նաև` դատախազության տարածքային ստորաբաժանումների կողմից հարուցվել է 254 քրեական գործ: Դրանցից 129-ը, կամ մոտ 51 տոկոսը վերաբերել են կրթական, հիմնականում հանրակրթական հաստատություններում գրանցված աշխատողներին:
Քննված քրեական այդ գործերից 51-ի վարույթը կարճվել է ոչ արդարացման հիմքով, որից 35-ը վերաբերել են կրթական հաստատություններին։ 43 անձի վերաբերյալ 29 գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, որոնցից 13 անձի վերաբերյալ 11 գործ առնչվել է կրթական հաստատություններին։
Ուսումնասիրությունը փաստում է, որ սխեմատիկ կոռուպցիան հիմնականում արտահայտվել է նրանում, որ, որպես կանոն, հաստատությունների տեխնիկական, օժանդակող գործառույթներով օժտված հաստիքներում ամբողջ կամ կես դրույքներով նշանակվում են տարբեր, այդ թվում նաև` տվյալ կազմակերպությունների ղեկավարների հետ փոխկապակցված կամ ընկերական, բարեկամական այլ հարաբերությունների մեջ գտնվող անձինք: Վերջիններս փաստացի տևականորեն կամ չեն հաճախում աշխատանքի, կամ չեն կատարում իրենց վերապահված աշխատանքային պարտականությունները:
Քիչ չեն դեպքերը, երբ աշխատանքի են ընդունվում անձինք, որոնց շատ կարճ ժամանակ անց, ընդ որում՝ այդ ընթացքում աշխատանքի չներկայանալու պայմաններում, տրամադրվում է նախածննդյան և հետծննդյան արձակուրդ: Ապա այդ մարմինների, հաստատությունների ղեկավարների կողմից, համապատասխան գործառույթներով օժտված աշխատակիցների օժանդակությամբ, աշխատաժամանակի տեղեկագրերում պաշտոնեական կեղծիքի կատարմամբ մտցվում են նրանց կողմից այդ ընթացքում կանոնավոր աշխատանքի ներկայացած լինելու և իրենց աշխատանքային պարտականությունները կատարած լինելու մասին կեղծ տվյալներ, որոնց հիման վրա նրանց անվամբ հաշվարկվում և դուրս են գրվում աշխատավարձի կամ այլ վճարումների գումարներ, որոնք հափշտակվում են վատնման կամ յուրացման եղանակով:
Մասնավորապես, հարուցված նշված 254 քրեական գործերով պարզվել են գրանցված, սակայն աշխատանքի չհաճախած կամ փաստացի աշխատանքը չկատարած 543 անձինք: Նրանցից 222-ը կամ 41 տոկոսը հանդիսացել են կրթական հաստատություններում գրանցված աշխատողներ:
Քրեական գործերով հանցագործությամբ պատճառված վնասը նախնական հաշվարկով կազմել է մոտ 1.390.329.391 ՀՀ դրամ, որից պետությանը պատճառված վնասը՝ 1.035.253.643 ՀՀ դրամ, իսկ համայնքներինը՝ 355.075.748 ՀՀ դրամ։
Պատճառված վնասից վերականգնվել է 415.555.554 ՀՀ դրամը, իսկ համայնքներին պատճառված վնասից՝ 93.233.387 ՀՀ դրամը։ Ընդ որում, ընդհանուր վնասից 356 մլն դրամը եղել է կրթական հաստատություններում գրանցված աշխատողների մասով, որից վերականգնվել է 101.4 մլն ՀՀ դրամը։
ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է դատախազության գործառույթների շրջանակներում ակտիվացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնող մարմինների աշխատանքները՝ հանրապետության ողջ տարածքի ընդգրկմամբ վերոնշյալ հաստատությունների հաստիքացուցակների և իրական աշխատակիցների համապատասխանությունը պարզելու, խնդիրների առկայության դեպքում դրանց և վերաբերելի այլ փաստաթղթերում հնարավոր կեղծիքների առկայությունը ստուգելու, առերևույթ հանցավոր արարքների հատկանիշների դեպքում պատասխանատուների շրջանակը բացահայտելու, քրեադատավարական ընթացակարգեր ապահովելու նպատակով: Հանձնարարվել է նաև լայնորեն կիրառել այս բնույթի հանցագործությունների պատճառների և նպաստող պայմանների վերացմանը միտված դատախազական ներգործության միջոցներ:
Նախանշված ուղղություններով արդյունքների ապահովման միջոցով ՀՀ դատախազությունը շարունակելու է արմատացած և համատարած բնույթ ստացած վերոնշյալ արատավոր պրակտիկան, կոռուպցիոն մեխանիզմները վերացնելու հարցում դրսևորվող հետևողականությունը: